Globbing-ում հաճախորդներին կսպասարկեն ռոբոտները

Globbing ընկերությունը սպասարկման կենտրոններում կներդնի Հայստանում առաջին ավտոմատացված, ռոբոտացված համակարգը, որը կլուծի հերթագոյացությունների խնդիրը: ԲարՔեմփ Երևանի ընթացքում ընկերությունը ներկայացրեց արագ զարգացող սթարթափների խնդիրները տեխնոլոգիական և ինովացիոն ճանապարհով լուծելու սեփական տարբերակը:

Ընկերության աճի և հաճախորդների աստիճանաբար ավելացման արդյունքում առաջացող ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ Globbing-ում հաճախորդներին կսպասարկեն նաև ռոբոտները՝ ընձուղտ Ջորջի ընկերները:

Ռոբոտացված համակարգի ծրագիրը մշակվել է հայ ծրագրավորողների կողմից: Այն աշխատում է հետևյալ կերպով՝ օգտատերը կստանա ծանուցող էլ. նամակ, որտեղ կցված կլինի հատուկ շտրիխ կոդ, որը սպասարկման կենտրոնում սմարթֆոնով կսկանավորվի: Նույնականացման գործընթացից հետո օգտատերը ավտոմոտ կերպով կստանա ծանրոցը, որի ընթացքում էլ Ջորջ ընձուղտը կխոսի նկարների տեսքով, կտեղեկացնի ծանրոցի առաքման փուլերի մասին:

itTrend-ի հետ զրույցում Globbing-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ռոբոտացված համակարգը ունի մի շարք առավելություններ, այն ավելի արագ և ճշգրիտ  կկատարի առաջադրանքը, ինչպես նաև կկանխվեն մարդկային գոծոնով պայմանավորված խնդիրները. «Համարյա մեկ տարի է աշխատում ենք այս ծրագրի վրա, հերթերից ու դրանցից առաջացած դժգոհություններից խուսափելու համար մենք պետք է սպասարկող անձնակազմը ընդլայնեինք, նոր մասանճյուղեր բացեինք, բայց նախընտրեցինք ներկայիս ռեսուրսը ներդնել տեխնոլոգիական լուծումների մեջ, որի շնորհիվ  հաճախորդը ընդամենը 40 վայրկյանում կարող է ստանալ իր ծանրոցը»:

Այժմ նախատեսվում է սպասրկման կենտրոններում գործարկել ռոբոտներ և նորարարական լուծումներ, ինչպես նաև կլինեն ուղղորդող աշխատակիցներ: Համակարգը լիարժեք կգործի 1 շաբաթից:

Նշենք, որ այժմ Globbing-ն ունի ընդհանուր առմամբ  63 000 հաճախորդ, որից 25 000-ը երկուսից ավելի պատվերներ կատարած ակտիվ օգտվողներն են: Globbing-ի ստեղծման պատմությանը ու հաջողության բանաձևին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան