«Քոլլաբ» հանդիպում. 19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողները Հայաստանում կիսվում են փորձով

«Քոլլաբ» հանդիպում. 19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողները Հայաստանում կիսվում են փորձով

Հունիսի 2-4-ը Երևանում տեղի է ունեցել «Քոլլաբ» հանդիպում, որն իր շուրջ է համախմբում աշխարհի տարբեր երկրներում իրականացվող «Վիքիմեդիա» կրթական նախագծերի պատասխանատուներին։

Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, Վիքիպեդիայում հոդվածների բարելավումը, ինչպես նաև հոդվածների ստեղծման և կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։

«Հայաստանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեության հիմքում կրթությունն է։ Մենք հայաստանյան Վիքիմեդիայից շատ սովորելու բան ունենք։ Նաև շատ տալու բան ունենք, քանի որ ունենք երկար փորձ ու իրականացնում ենք լայնամասշտաբ կրթական նախագծեր»,-  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Wiki Education հիմնադրամի կրթական համագործակցությունների մենեջեր Ջեյմի Մեթյուսոնը։

Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ծրագրերի համակարգող Նիքոլ Սաադը itTrend-ի հետ զրույցում կարևորեց այն փաստը որ վիքի-խմբագիրները իրենց աշխատանքի ընթացքում յուրացնում են նոր հմտություններ և գիտելիքներ, կրթվելով՝ կրթում են մյուսներին: Գործիքակազմը , որն առաջարկում է Wikimedia-ն լայն է և թույլ է տալիս աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին ծառայեցնել դրանք կրթական տարբեր նպատակների:

«Այս հանդիպմանը ներկա են 19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողներ։ Մեզնից յուրաքանչյուրն իր փորձն է ներդնում՝ Վիքիմեդիայի նախագծերի զարգացման համար՝ ներգրավելով ավելի մեծ թվով խմբագրողներ։ Վիքիպեդիան հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծել հոդվածներ, այլ նաև զարգացնում է սովորելու, գրելու և խմբագրելու, 21-րդ դարում անհրաժեշտ թվային հմտություններ»,-նշեց Նիքոլ Սաադը

Wiki-EDU ծրագրի նախաձեռնող, Իսրայելում “Wiki-Med” ակադեմիական դասընթացի նախաձեռնող Շանի Էվենստեյն էլ այստեղ է և ներկայացնում է Իսրայելի փորձը, հաջողության բանաձևը:  itTrend-ի հոտ զրույցում նա հատկապես կարևորեց մասնագիտական որակյալ և վստահելի բովանդակություն ստեղծելը:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը հայտնեց, որ «Վիքիմեդիա Հայաստանը» զգալի հաջողություններ ունի և այս տարի ևս նախատեսվում է կազմակերպել նոր ձևաչափով ճամբարներ, որտեղ երիտասարդներին կսովորեցնեն խմբագրել, կընդգրկվեն նաև խմբագրելու փորձ չունեցող երեխաները:

«Գիտակցելով հոդվածներ գրելու ընթացքում սովորելու կարևորությունը՝ մենք այս տարի ամռանը՝ հունիսի13-23, հունիսի 26-հուլիսի 6, օգոստոսի 20-30, 9-21 տարեկան երեխաների համար կրկին կազմակերպում ենք ամառային ճամբար։ Այս տարի մենք հրավիրում ենք ոչ միայն այն երեխաներին և երիտասարդներին, ովքեր խմբագրելու փորձ և հմտություն ունեն, այլ նաև նրանց, ովքեր դեռ նոր պիտի բացահայտեն խմբագրելու ընթացքում սովորելու առավելությունները։ Բոլորին հասանելի և մշակված հոդվածներ ստեղծելիս վիքիճամբարականները նախևառաջ սովորում են սովորել»,- պատմեց Սուսաննա Մկրտչյանը։

«Քոլլաբ» հանդիպման մասնակիցներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան կրթության ոլորտի մասնագետների հետ։

Նշենք, որ Հայալեզու վիքի բովանդակության քանակը հինգ տարվա ընթացքում աճել է 22 անգամ՝ 10.000 հոդվածից մինչև 216.000 հոդված։ Հայալեզու Վիքիպեդիայի վարկանիշը վերջին հինգ տարիների ընթացքում 97-րդից բարձրացել է 36-րդ տեղը:

Նունե Գրիգորյան