Արհեստական բանականությունը ԴիջիԹեք 2017-ի առանցքային թեմաներից մեկն է

Հունիսի 9-10-ը անցկացվող 10-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներից մեկը արհեստական բանականությունն է (Artificial Intelligence):  «Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը  և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները կխոսեն Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին, կներկայացնեն ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերն ու այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերը ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։ Քննարկումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 12:00:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում միակ B2B ֆորմատի միջոցառումն է, որը արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:

Երկօրյա բիզնես ֆորումի օրակարգային մնացած թեմաներն են.

  • Երևանում 2019 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ
  • ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
  • ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
  • Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր
  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
  • Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
  • Պետական համակարգերի կառավարում
  • Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ: