Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ»

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ»

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող իր այցի թնթացքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ապագա Թումո Կողբ կենտրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի կառուցման ու հիմնադրման համար անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունն ապահովել են Ucom և Mission Enfance ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ բարերարներ:

Թումո Կողբը կունենա ուսանողների կրթական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսված բացօթյա դարատափ։ Պաշտպանության նախարարության համագործակցությամբ կենտրոնում պլանավորվում է անցկացնել նաև Թումո Բանակ նախագիծը, որի շնորհիվ կենտրոնի հարևանությամբ գտնվող զորամասի ժամկետային զինծառայողները նույնպես կկարողանան ներգրավվել Թումոյի ծրագրում։

Շարունակելով ծանոթանալ Տավուշի մարզի շնորհաշատ դպրոցականների համար ստեղծված հնարավորություններին՝ նախագահ Սարգսյանն այցելեց նաև Կողբի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա, որտեղ ծանոթացավ մարզի համանման տասնյակ լաբորատորիաներում ուսանող լավագույն սաների աշխատանքներին:

Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչները նախագահին պատմեցին, որ «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները խմբակ են հաճախում 5-րդ դասարանից և փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն են ու ստեղծարար, կարող են ոչ միայն համակարգչի օգնությամբ առարկաների եռաչափ մոդելավորում կատարել, այլև տպել դրանք, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ու ռոբոտներ ստեղծել:

«Ucom-ը կարևորում է գյուղերում բնակվող երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական նախագծերում, որովհետև այստեղ նրանք սովորում են մտածել ու ստեղծել: Ուրախ եմ, որ համապետական մաշտաբով իրականացվող այս արդեն հայտնի դարձած նախագիծն արժանացել է նաև երկրի նախագահի ուշադրությանը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: