Այսուհետ Zangi-ն հասանելի է նաև «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

Այսուհետ Zangi-ն հասանելի է նաև «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

Հունիսի 13-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում «Ռոստելեկոմ» Հայաստանի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին․ հայկական ապրանքնիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ Սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։ Այսպիսով, երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունը՝ ի շահ հայաստանյան սպառողի։

«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձևաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով,  շփման և հաղորդակցման համար հնարավորություն է ձևավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է և, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում մենք շատ ենք կարևորում «Zangi» մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը և այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաև այս գործառույթից»․— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Zangi» մեսենջերն ունի կարևոր մրցակցային առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են՝ այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր`HD որակ:

«Վստահ կարող եմ նշել, որ «Zangi»-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լավագույն տեխնոլոգիական նորույթներից է և մրցակցում է արդեն իսկ կայացած ապրանքանիշների հետ։ Հատկանշական է, որ արդեն իսկ  1,5 մլն պաշտոնապես գրանցված օգտատերեր ունենք և օրական բեռնումների թիվը հասնում է հազարների։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը մեզ թույլ կտա մուտք գործելու նոր շուկա և հանդես գալու նոր ձևաչափով՝ նաև հեռուստատեսության հավելվածի տեսքով»,- նշեց «Zangi»-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու և զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծրագրի վերջին թարմացումը ծրագրում նաև այլ նորույթներ ու ծրագրեր է գործարկել, որոնցից հատկանշական են Առցանց հեռուստատեսության դիտման հնարավորությունը (Online TV) և հեռուստաէկրանից հայաստանյան, ռուսաստանյան և եվրոպական քաղաքների Եղանակի տեսությունը։

Ինչպե՞ս օգտագործել «Zangi»-ն հեռուստաէկրանից

Նախ հարկավոր է մուտքագրել համապատասխան հեռախոսահամարը և գրանցվել։

Հեռուստատեսության ստեղնաշարում անհրաժեշտ է մուտքագրել «Zangi»-ում գրանցված հեռախոսի համարը և սեղմել զանգի կանաչ կոճակը․ հավելվածը հնարավորություն կտա ընտրելու ծառայությունը՝ անվճար զանգ, տեսազանգ կամ հաղորդագրություն տարբերակներից մեկը։

  • Անվճար զանգի հնարավորություն

Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի զանգ կատարել և զանգեր ստանալ «Zangi»-ի ցանցում։

  • Անվճար տեսազանգի հնարավորություն

Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի տեսազանգ կատարել և պատասխանել տեսազանգերին «Zangi»-ի ցանցում։

  • Անվճար հաղորդագրության հնարավորություն

Հնարավոր է անվճար հաղորդագրություններ ուղարկել և ստանալ։ Ստիկերները ևս հասանելի են, դրանք օգտագործելու համար հարկավոր է ավելացնել նախընտրելի փաթեթը Ստիկերների խանութից։ Հայկական ստիկերները ներառված են։

Թեգեր: ROSTELECOM, zangi