Հայաստանում առաջին անգամ կկայանա Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդես:

Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝

  • Ինժեներական արդյունաբերություն` վերջին զարգացումները և հաջողության պատմությունները
  • Կրթություն և հետազոտություն
  • Առաջադեմ արդյունաբերական հավելվածներ (ավտոմատ կառավարվող մեքենաներ, 5G, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախականային և միկրոալիքային հավելվածներ (RF and microwave), արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)):

Ցուցահանդեսի ընթացքում իրենց  արտադրանքը, լուծումները և ծառայութունները կներկայացնեն շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո Գզելշաֆտ, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Էլպիդա Էլեկտրոնիքս, UAV lab, Անոդ, Սեզամ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:

Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Միջոցառման կազմակերպիչներն են՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: