Եվրամիությունը ռեկորդային տուգանք է սահմանել Google-ի համար

Եվրոպական միությունը  2,42 մլրդ եվրոյի չափով ռեկորդային տուգանք է սահմանել Google ընկերության համար՝ նշելով, որ տեխնոլոգիական «հսկան» չարաշահում է իր գերիշխող դիրքը որոնողական համակարգերի շուկայում՝ սեփական առցանց գնումների ծառայությունը զարգացնելու համար:

The Guardian-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի պնդում է, որ Google-ը, չարաշահելով որոնողական համակարգում գերիշխող դիրքը, փոխել է իր համակարգում արված որոնումների տվյալները հօգուտ առցանց գնումների սեփական ծառայության:

ԵՄ կարգավորիչների հայտարարությունում նշվում է, որ Google-ի ընտրած մարտավարությունն իր առցանց գնումների ծառայության առաջխաղացման հարցում հակասում է ԵՄ օրենքներին: Ընկերությունը գնորդներին գրավում է ոչ թե մրցակիցներից ավելի որակյալ ծառայություն մատուցելու, այլ շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում որոնման համակարգում իր ծառայությունն անընդհատ առաջարկելու միջոցով:

Հայտնի է, որ ԵՄ կարգավորիչներն ընկերությանը 90 օր են տվել իր ապօրինի գործունեությունը դադարեցնելու համար: ԵՄ-ն այս հարցի շուրջ 7 տարի հետաքննություն է վարել: Google-ը հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները: