Մեկնարկել է Volterman խելացի դրամապանակի crowdfunding արշավը IndieGoGo հարթակում

Մեկնարկել է Volterman խելացի դրամապանակի crowdfunding արշավը IndieGoGo հարթակում

IndieGoGo հարթակում մեկնարկել է հայկական Volterman սմարթ դրամապանակի crowdfunding արշավը: Դրամապանակը ներկայանում է 5 առանցքային խելացի գործառույթներով, որոնք կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն ձևավորեցին իր շուրջը:

  • Free Global GPS. օգնում  է հեշտությամբ տեղեկանալ, որտեղ է այն գտնվում՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում  է դրամապանակը տվյալ պահին գտնվում:
  • Bluetooth alarm. ծանուցումներ, հաղորդագրություններ է  ուղարկում, երբ դրամապանակի և դրա սեփականատիրոջ սմարթֆոնի միջև հեռավորությունը մեծանում  է:
  • Power bank. Հեռախոսի լիցքավորում (100%), նաև անլար տարբերակով:
  • Theif Detection camera. Դրամապանակը կորցնելու դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է «lost mode»-ը և ներկառուցված տեսախցիկը նկարում է դրամապանակը բացողի դեմքը և լուսանկարն ուղարկում սեփականատիրոջը:
  • Global WiFi hotspot. Սա էլ կլուծի ինտերնետի հասանելիության խնդիրը:

Գաղափարի հեղինակը Ազատ Թովմասյանն է: Մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո, որոշում է խնդրին նորարարական լուծում տալ: Գաղափարն իրականություն դարձնելու, առաջխաղացնելու, պրոդուկտը միջազգային շուկա դուրս բերելու գործում օգնում է GlobalAM ՀԿ-ն: Դիզայնն արված է Հայաստանում, արտադրությունը՝ Չինաստանում:

Volterman խելացի հավաքածուն ընդգրկում է 3 տեսակի՝ ճանապարհորդական, երկփեղկանի և քարտապան դրամապանակներ:

itTrend-ի հետ զրույցում սթարթափի հիմնադիր և գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը հայտնեց, որ սպասումները մեծ են. «Սպասումները բավականին շատ են, քանի որ նմանը չունեցող և անհրաժեշտ պրոդուկտ է Volterman-ը: Մեծ արտադրությունը հեշտ կկազմակերպվի, քանի որ արդեն իսկ ունենք պրոդուկտի նախատիպը: Սակայն անհրաժեշտ են միջոցներ, որի համար էլ փորձում ենք քրաուդֆանդինգ հարթակը»:

GlobalAM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը ներկայացրեց սահմանված նպատակները. «Արտադրությունը սկսելու համար նվազագույնը հարկավոր է 40-45 հազար դոլար, սակայն նախնական ուսումնասիրությունով ակնկալում ենք հավաքել ավելի շատ՝ մոտ 560 հազար դոլար, քանի որ հենց սկզբից պրոդուկտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր և՛ տեղական, և՛ գլոբալ շուկայում: Ինչպես նաև հաշվի ենք առել անցյալ տարի Yecup-ի փորձը: Իրականում սահմանել ենք ավելի մեծ նպատակ, ձգտում ենք հավաքել 1 մլն. դոլար ոչ միայն Volterman-ի համար, այլ նաև ցանկանում ենք ընդգրկվել քրաուդֆանդինգ հարթակում 1 միլիոնը գերազանցած 1-2%-ը կազմող արշավների մեջ, որպեսզի բարձրացնենք Հայաստանից ու հայկական արտադրանքների նկատմամբ ուշադրությունը, ճանաչելի ու սպասելի դարձնենք մեր երկրի պրոդուկտները այս հարթակում»:

Այժմ արշավի մեկնարկից մի քանի ժամվա ընթացքում՝ սահմանված 40 000 դոլարի 43%-ը հավաքվել է: Նախնական պատվերների դեպքում գործում է 50% զեղչ:

Նշենք, որ Volterman-ը այս տարի մայիսին Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում (IMG) ընդգրկվել է դրամաշնորհ ստացած 10 թիմերի շարքում:

 

Նունե Գրիգորյան