Հայտնի են DigiCamp 2017 նորարարական ճամբարի հաղթող գաղափարները

Հայտնի են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Հանքավանում իրականացվող 5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարի լավագույն գաղափարները:

«ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:

2-րդ հորիզոնականում Թաթուլ Խաչատրյանի «Body Power» գաղափարի շուրջ ձևավորված թիմն է: Գաղափարի նպատակն է ստեղծել հոսանք մարդու ներքին էներգիայի ջերմության շնորհիվ: Սարքը գոտու է տեսք է ունենալու և նախատեսված է լեռնագնացների, արշավորդների և ճանապարհորդների համար:

3-րդ հորիզոնականում Խաչիկ Մովսիսյանի թիմն է «Ֆիզիկայի աշխարհում» գաղափարով: Այն իրենից ներկայացնում է ֆիզիկայի օնլայն լաբորատորիա, որը 2D որակով ցուցադրում է ֆիզիկայի տարբեր օրենքներ և բանաձևեր: Լաբորատորիան նախատեսված է ուսուցիչների, աշակերտների և ուսանողների համար:

Նշենք, որ «ԴիջիՔեմփ» ճամբարի շրջանակում 14-17 տարեկան 45 պատանիներ ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները, այնուհետև ընտրվել են լավագույն 7-ը: Տասնօրյա ճամբարի ողջ ընթացքում պատանիները լսել են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսություններն ու խորհրդատվությունները և թիմային աշխատանքների միջոցով զարգացրել դրանք՝ ճամբարի ավարտին ներկայացնելու համար:

«ԴիջիՔեմփի» ավարտին մասնակիցները ցուցադրել են իրենց գաղափարները ժյուրիի անդամներին, որից հետո ընտրվել է լավագույն եռյակը: Հաղթող գաղափարների հեղինակները արժանացել են համապատասխանաբար 200, 150, 100 հազարական դրամ պարգևի: Ժյուրիի կազմում ընդգրված են եղել ԻՏՁՄ, «Ինստիգեյթ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Kargin Optics», «SEF International» ընկերությունների ներկայացուցիչները:

«ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարի մասնակիցները ունկնդրել են ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները և մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաև մասնակցել «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, այցելել ճանաչողական արշավներ:

Նշենք, որ «ԴիջիՔեմփ 2017»-ի գործընկերներն են՝ «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «One Armenia», «Ucom», «COAF», «Վորլդ Վիժն Հայաստան», «Սահման», «Լիդիան Արմենիա», «Հախվերդյան շինմոնտաժ» ընկերությունները, Հայ միության խաչ, «Անուշավան Աբրահամյան» բարեգործական, Հայ կրթության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները: