Հայկական SoloLearn-ը ստացել է FbStart Apps of the Year-ի գլխավոր մրցանակը

Facebook-ը հայտնել է իր կողմից իրականացվող FbStart գլոբալ ծրագրի այս տարվա ամենահաջողակ հավելվածների անունները: Այս տարի գլխավոր մրցանակին արժանացել է հայկական SoloLearn-ը, որը ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է: Այն խաղերի միջոցով սովորեցնում է ծրագրավորում:

Այն առաջարկում է 12 անվճար դասընթաց՝ ներառյալ JavaScript, Swift, Python, C++ և HTML/CSS: SoloLearn-ը արդեն ձևավորել է համայնք, որի անդամները ակտիվ կապեր են ստեղծել և գեներացնում են տեղեկատվություն:

Հարթակի համհիմնադիր Եվա Հյուսյանը itTrend-ին ներկայացրել էր իրենց հաջողության պատմությունը, ըստ նրա՝ SoloLearn-ի առանձնահատկություններից գլխավորը ֆորմատն է:

«Արագ, պարզ մատուցման ձևն է, մանավանդ ծրագրավորման ոլորտում,  որտեղ բարդ կոնցեպտներ են, ինֆորմացիան մատուցվում է շատ կարճ ֆորմատով: Մեր ամենաուժեղ կողմը, հիմնական մագնիսը, որի շուրջ մեր օգտատերերը հավաքվում են ֆորմատն է և մոբայլի համար նախատեսված լինելը: Գնալով ավելի տարածված է դառնում մոբայլը, դրա համար հենց բջջային հավելվածով ենք սկսել ու շեշտը դրել: Հիմա երիտասարդները չեն ուզում սովորել երկար գրքերի ու լեկցիաների միջոցով, անգամ 10 րոպե տեսանյութ դիտելը ծանր աշխատանք է»:

SoloLearn-ը 3 տարում կարողացել է նշանակալի հաջողությունների հասնել: Այն իր շուրջ համախմբում է 5 միլիոնից ավելի օգտատերեր, օրական 1,5 միլիոն խնդիրներ են լուծվում, վայրկյանում 3 կոդ է ավարտին հասցվում և մոտ 1000 պատասխան է հրապարակվում ամեն օր: Հարթակի օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը՝ ԱՄՆ-ից, մնացյալը՝ Եվրոպական տարբեր երկրներից: Հասանելի է բոլոր հարթակներում՝ Android, iOS, Windows և web։

Նախորդ տարի ստացել է $1.2 միլիոն դոլար սաղմնային ֆինանսավորում: Ֆինանսավորման փուլը վարել է Valley VC Learn Capital ընկերությունը:

Ծրագրավորողները մասնակցում են FbStart գլոբալ ծրագրին ամեն տարի շահելու $100,000 պարգևավճար իրենց սթարթափը առաջխաղացնելու նպատակով: Այն ստացել է մոտ 900 դիմում աշխարհի 87 երկրներից: Նշենք, որ SoloLearn-ի կողքին տարվա հավելվածներ են ճանաչվել  MondlyMayaReservaTurno և Golden հավելվածները: