Հայտնի է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթող թիմը

Հուլիսի 11-ին 2-րդ անգամ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան։ Այս տարի մրցույթին մասնակցեց Հայաստանի տարբեր դպրոցներից 7 թիմ։

Մրցույթի ընթացքում թիմերը փորձեցին իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկեց եզրափակիչ փուլը։ Թեժ և խիստ հետաքրքիր պայքարից հետո Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող ճանաչվեց «Kaizen» թիմը, որը հնարավորություն կունենա մասնակցելու նոյեմբերին Կոստա Ռիկայում անցկացվելիք Ռոոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը։

Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցկացվեց «Ռոբոտներ՝ կայուն զարգացման համար» կարգախոսի ներքո։ Մասնակիցներից պահանջվում էր ստեղծել այնպիսի ռոբոտ, որը տարածաշրջանը կդարձնի առավել կայուն՝ հետևյալ չորս ուղղություններով՝ մատչելի և մաքուր էներգիա, կայուն զարգացող քաղաքներ և համայնքներ, կլիմայական կայունացմանն ուղղված գործողություններ և կյանքը երկրի վրա՝ այդպիսով նպաստելով աշխարհն ավելի լավ վայր վերածելու նպատակին։

«Շատ կարևոր է, որ մրցույթի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվի, և եթե այսօր արդեն 21700-ից ավել թիմ է մասնակցում աշխարհում, ապա պետք է այնպես անել, որ մեզ մոտ էլ այդ թիվն ավելանա։ Դա պատահական չէ՝ հաշվի առնելով ռոբոտաշինության ոլորտի ներկայիս զարգացումներն աշխարհում։ Լիահույս եմ ու նաև վստահ եմ, որ այս մրցույթի շնորհիվ Հայաստանում զարկ կտրվի ռոբոտաշինության զարգացմանը»,- իր խոսքում ասել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

Նշենք, որ միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 54 երկրի ավելի քան 21700 թիմ: