Կայացել է ISTC Outthink University Startup Culture միջոցառումը

Կայացել է ISTC Outthink University Startup Culture միջոցառումը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ‹‹ISTC Outthink University Startup Culture›› միջոցառումը, որը նախաձեռնել էին IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (EIF):

Միջոցառմանը ISTC կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված և իրականացվող կրթական ծրագրերը և խոսեց կենտրոնի առաջիկա նախաձեռնությունների ու զարգացումների մասին:  Ներկայացվեց նաև ԵՊՀ և ISTC համատեղ նոր մագիստրոսական ծրագիրը, որը կմեկնարկի սեպտեմբերին:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» անվանումը կրող, 1 տարի 6 ամիս տևողությամբ մագիսրտոսական այս ծրագիրը գործելու է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում: Այն բաց է Հայաստանի բոլոր ուսանողների համար՝ անկախ բուհից:

Դասընթացների մեծ մասը կիրականացվի ISTC կենտրոնում և հիմնված կլինի IBM ակադեմիական նախաձեռնության կրթական ռեսուրսների վրա՝ ներառելով ծրագրավորման հատուկ դասեր: Բոլոր դասավանդող դասախոսները կանցնեն համապատասխան վերաորակավորման դասընթացներ:

ISTC բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գևորգյանը խոսեց համալսարաններում նորարարության և ձեռներեցության մշակույթի մասին, ներկայացրեց կենտրոնի սթարթափ ակսելերացիոն մոդելը և ուսանողանական ծրագրերի բնութագիրը:

This slideshow requires JavaScript.

«ISTC Outthink University Startup Culture»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց ավարտական վկայականները: Ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 30 ուսանող՝ Հայաստանի տարբեր համալսարաններից:

4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների՝ 2 հիմնական ուղղությամբ․

  • բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ձեռնարկատիրություն, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)
  • տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Կիբերանվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Մեքենայական ուսուցում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):

Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Նախագծերի շարքում էին՝

«Joby» հավելվածը, որը, առանց ինքնակենսագրական տվյալների (CV) առկայության, կօգնի հեշտ և արագ գտնել աշխատանք, որը կհամապատասխանի մարդկանց հմտություններին,

M.In.D թիմի կողմից լրացված իրականության հիման վրա ստեղծված «Spots» խաղը, որի միջոցով կարելի է քաղաքում զբոսնելիս լուծել տարբեր վիկտորինաներ:

Հետաքրքիր նախագծերից են նաև՝

«MeNew» ինովացիոն մենյու հավելվածը, որը թույլ է տալիս ֆիլտրել մենյուն՝ ըստ նախասիրությունների:

«Easy Parking»-ը, որի միջոցով հնարավոր է արագ գտնել կայանատեղի և անվտանգ կայանել մեքենան՝ խնայելով ձեր ժամանակը:

Ավարտական ծրագրերի ներկայացումից հետո ձեռներեց (Serial entrepreneur, BA consultant) և ռազմավարական խորհրդատու Չուս Լոզանը ներկայացրեց միջազգային փորձը՝ սթարթափ մշակույթի ձևավորման և էկոհամակարգի զարգացման տեսանկյունից: Հատուկ անդրադարձ արվեց Հայաստանում Business Angel ցանց ստեղծելուն և դրա հետ կապված հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «YSU Startup Challenge Summer 2017»-ը, որի նպատակն է օգնել ուսանողական թիմերին`իրականություն դարձնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Մրցույթը նախատեսված է միայն ԵՊՀ ուսանողների համար: