Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին

Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին որպես Նվաճումների տնօրեն: Նատալյան ստեղծարար միջոցներով  զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի և կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում: Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»,- նշում է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Նատալյա Վոդյանովայի նոր դերը նրա սոցիալական ակտիվության տրամաբանական շարունակությունն է՝ ստեղծել իմաստալից ու միաժամանակ գեղեցիկ նկարներ։ Ավելին, Վոդյանովան ստեղծագործականությունը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ:

Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։

«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։  PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան:

«Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են»,- ավելացրել է Վոդյանովան։

 

Նշենք նաև, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում:

Հնարավոր է միանալ և հետևել Նատալյայի PicsArt-ի էջին, որի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր և մրցույթներ կազմակերպել: Այժմ Նատալյայի PicsArt-ի իր էջում հասանելի են ոգեշնչող սթիկերներ, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար։