Հայկական Dinebook հավելվածն օգնում է սեղաններ ամրագրել Երևանի ռեստորաններում

Հայկական Dinebook հավելվածն օգնում է մարդկանց Երևանում գտնել նախաճաշի, լանչի, թեյազրույցի, բացօթյա և այլ ձևաչափի համար նախատեսված վայրեր և անվճար ամրագրել սեղաններ, իմանալ անհրաժեշտ տեղեկություն նախքան ռեստորանում հայտնվելը՝ հասցե, վարկանիշներ, մենյու, գնային միջակայք, կարծիքներ:

Հավելվածի օգտատերերը հնարավորություն ունեն յուրաքանչյուր ամրագրումից հավաքել դրամային միավորներ և հետագայում օգտագործել դրանք՝ հաշիվը վճարելիս։

Dinebook-ը գործարկվել է հուլիսի 8-ից iOS և Android համակարգերի համար։ Հավելվածի ստեղծման գաղափարից մինչ գործարկումը տևել է շուրջ 2 տարի։ Այն ստեղծվել է Braind ընկերության հիմնադիրների և ծրագիրը ֆինանսավորող գործընկերների համատեղ ջանքերով։

itTrend-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սուրեն Բաբաջանյանը հայտնել է, որ նախքան գործարկումը ուսումնասիրել են տարբեր երկրների համանման հավելվածներ, հանդիպել են տարբեր ռեստորատորների հետ, ուսումնասիրել շուկայի թույլ և ուժեղ կողմերը, փորձել են հասկանալ ծրագրի կիրառման անհրաժեշտությունն ու զարգացման հեռանկարները։

«Այս պահին համակարգի մեջ ներառված են Երևան քաղաքի փոքր կենտրոնի շուրջ 40 ռեստորան, որոնց թիվը ամեն օր ավելանում է, և տարվա վերջ պլանավորում ենք այդ թիվը հասցնել 150-ի»,- նշել է նա:

Dinebook համակարգը բաղկացած է 2 հավելվածից.

  • «Dinebook user» հավելվածը, որը նախատեսված է օգտատերերի օգտագործման համար, որի հարմար ինտերֆեյսը թույլ է տալիս մեկ հպումով ամրագրում կատարել։
  • «Dinebook manager» հավելվածի միջոցով էլ ռեստորանի մենեջերները ծանուցման տեսքով ստանում են իրենց ամրագրումները, տեսնում են ամրագրման տվյալները, հետևում են ամրագրումների պատմությանը ինչպես նաև իրենց ռեստորանի վերաբերյալ հայտնած կարծիքներին։

Սուրեն Բաբաջանյանի խոսքով՝ մեկշաբաթյա դիտարկման արդյունքը ցույց է տալիս, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է. «Այս պահին ծրագիրը ներբեռնել է  ավելի քան 2000 օգտատեր, որոնցից  67 %-ը iOS համակարգից օգտվողներն են իսկ 33 % Android: Այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նոր ռեստորանների ներգրավման, ինֆորմացիայի մշակման, ֆոտոնկարահանումների կազմակերպման, մարքեթինգային միջոցառումների իրականացման ուղղությամբ։

Հավելվածի առաջիկա թարմացումների ժամանակ նախատեսում ենք Dinebook manager ծրագրում ավելացնել մի քանի ֆունկցիոնալ նոր հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ռեստորանի մենեջերին առանց հեռախոսային կապի, Life chat-ի սկզբունքով հետադարձ կապ հաստատել հաճախորդների հետ և ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ամրագրումների պատմության վերաբերյալ»: