Microsoft-ը չի հրաժարվի Paint-ից

Microsoft-ը չի հրաժարվի Paint-ից

Microsoft ընկերությունը կարող էր դադարեցնել Paint գրաֆիկական խմբագրիչի վրա աշխատանքը և Windows-ի հետագա թարմացումներում այն այլևս չներառել: Այն Windows ՕՀ-ում գործում է 1985 թվականից: Աշնանը սպասվող Windows 10-ի Fall Creators Update-ի նկարագրությունում նշված էր, որ Paint-ը ակտիվ մշակման փուլում չէ: Սա լրատվամիջոցները մեկնաբանեցին, որ հավանական է այն վերջնականապես կջնջվի հետագա թարմացումների ժամանակ:

Այս փաստը բազմաթիվ օգտատերերի տխրեցրել էր և մեծ աղմուկ էր բարձրացել համացանցում, շատերը տեղադրում էին այս ծրագրով նկարած իրենց նկարները, հայտնում վրդովմունք:

Microsoft-ը շտապել է վստահեցնել Windows-ի օգտատերերին, որ գրաֆիկական խմբագրիչը չի դադարեցնի իր գոյությունը: Դրա հետագա ճակատագրի մասին ներկայացված է Microsoft-ի բլոգում:

«MS Paint-ը կմնա մեզ հետ, պարզապես շուտով այն կունենա նոր տուն՝ Windows Store-ը, որտեղ ծրագիրը հասանելի կլինի անվճար»,- նշված է բլոգում:

Ընկերությունը հաստատում է, որ Paint-ը ուղղակի կտեղափոխվի Windows Store, որտեղից էլ հնարավոր կլինի այն անվճար ներբեռնել: Ֆունկցիաների մի մասը կտեղափոխվի Paint 3D, որը հասանելի է դարձել Windows 10-ում այս գարնանը: Paint 3D-ի գլխավոր առաքելությունը տարածական պատկերների հետ աշխատանքն է: