Քննարկվել է ՏՏ ոլորտում հայ-իսրայելական համագործակցության ապագան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

Վահան Մարտիրոսյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը, ներկայացրել է Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությունները, ներդրվող նոր տեխնոլոգիաները:

Նա նշել է, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին: Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին հրավիրել է ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:

Ցախի Հանեգբին նույնպես կարևորել է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնեց, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի: