«Կասպերսկու լաբորատորիան» գործարկում է անվճար հակավիրուս ամբողջ աշխարհում

Կասպերսկու լաբորատորիան թողարկում է անվճար հակավիրուս Kaspersky Free-ն, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Այս մասին իր բլոգում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

Նրա խոսքով՝ անվճար հակավիրուսը մրցակցության մեջ չի մտնի վճարովի տարբերակների հետ, քանի որ դանք օժտված են հավելյալ գործառույթներով: Kaspersky Free-ի վրա աշխատանքը տևել է 1.5 տարի:

Եվգենի Կասպերսկին նշում է, որ շատ օգտատերեր չունեն բավարար գումար իրենց սարքավորումների անվտանգությունն ապահովելու համար, այդ պատճառով էլ ստիպված են լինում օգտագերծել անորակ կրկնօրինակները կամ էլ Microsoft Windows Defender-ը: Նոր անվճար հակավիրուսը դրական արդյունք կտա, կապահովի պաշտպանություն:

2016-ին այս ծրագիրը թեստավորման փուլ է անցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Չինաստանում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում:

Հակավիրուսը կգործարկվի աստիճանաբար: Եվգենի Կասպերսկին ներկայացրել է գործարկման պլանը: Ըստ որի՝ հուլիսին առաջինն այն կարող են փորձել Միացյալ Նահանգների, Կանադայի և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները: Սեպտեմբերին այն հասանելի կդառնա Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Հոնկոնգում, Լատինական Ամերիկայում, Թուրքիայում: Հոկտեմբերին՝ Եվրոպայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Մինչև ընթացիկ տարվա վերջ Kaspersky Free հակավիրուսը հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: