Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը

HBO հեռուստաալիքի ցանցը կոտրած հաքերները համացանցում հրապարակել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի՝ 7-րդի, 5-րդ սերիայի սցենարը և ղեկավարներից մեկի անձնական նամակագրությունը: Mr. Smith կեղծանունով հաքերն այն անվանել է «նվեր Պակիստանից»:

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ հաքերները HBO-ից գումար են պահանջել ինֆորմացիայի դիմաց: Նրանք գումարի չափը չեն նշել: Հաքերները հայտարարել են, որ նրանք 1,5 տերաբայթ տեղեկատվության են տիրացել, որի մի մասն արդեն իսկ հրապարակվել է համացանցում: Շուտով համացանց կտեղադրեն ավելի շատ տեքստեր և տեսանյութեր:

Հաքերները հայտնել են, որ HBO-ն կոտրելու համար նրանցից պահանջվել է 6 ամիս:

Ավելի վաղ, հաքերները հրապարակել էին «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի 4-րդ սերիան, նախքան պաշտոնական հեռարձակումը: