Հայ աղջիկների թիմը Technovation Challenge 2017-ում հաղթել է «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Հայ աղջիկների թիմը Technovation Challenge 2017-ում հաղթել է «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Կարբի գյուղից հայ երիտասարդ աղջիկներից կազմված One Step Ahead թիմն ընդգրկվել է Google-ի կողմից անցկացվող Technovation Challenge-ի եզրափակիչ փուլում և հաղթել «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ արժանանալով $10,000 պարգևավճարի: Աղջիկները մշակել են Armenian Sign Language հավելվածը:

Ուսուցիչ-մենթոր Վարդանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ Սոնա Ավետիսյանի, Վարդանուշ Նազարեթյանի, Վիոլետա Մկրտչյանի, Սվետլանա Դավթյանի, Աղավնի Հակոբյանի ստեղծած Armenian Sign Language (Հայերեն ժեստերի լեզու) բջջային հավելվածը կօգնի հասարակության մեջ լսող և լսողության խնդիրներ ունեցող անձանց հաղորդակցման խնդիրը լուծել: Այն պարզ կառուցվածք ունի: Առանձին կոճակներով տարբերակված են թեմաները: Թվերը և այբուբենը ներկայացված են իրենց համապատասխան ժեստերի նկարներով, մյուս ժեստերը ցուցադրվում են տեսանյութերով, նկարներով: Հասանելի է 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ձեռք բերված գիտելիքները հնարավոր է ստուգել և ամրապնդել «խաղի» միջոցով, որը ճիշտ պատասխանների դիմաց տալիս է միավորներ:

 

Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել էին Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։ Հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը, որը QamCare անվտանգության հավելվածն է մշակել։

Նունե Գրիգորյան