ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում սկսնակ մասնագետների համար

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը «Ինստիգեյթ Դիզայն» և «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։

Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ Դիզայնի» և «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության աշխատակիցները։

57 դիմորդներից հարցազրույցների միջոցով ընտրվել է 22 ուսանող, որոնք մինչ օրս անցնում են համապատասխան վերապատրաստում։

Դասընթացների նպատակն է ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, պատրաստել կադրեր Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար։

«Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նշում է, որ դասընթացները բավականին մեծ արդյունք են գրանցել։ Արդեն իսկ որոշվել է, որ 17 ուսանող աշխատանքի կանցնի: Ուսումնական այս ծրագիրը տեղի է ունենում Գյումրիում, դասախոսներն էլ Գյումրու ՏՏ ընկերությունների մասնագետներ են, իսկ շրջանավարտները կաշխատեն հենց Գյումրիում։

Երեք ընկերությունների միջև համագործակցությունը արդյունավետ է։ Մինչ այս, ընկերությունները կազմակերպում էին անհատական դասընթացներ, սակայն միացյալ համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ է տվել։

Կազմակերպիչները, հաշվի առնելով դասընթացների արդյունավետությունը, որոշում են ընդունել նույն ձևաչափով և համագործակցությամբ շարունակել դասընթացները, դրանք ամենայն հավանականությամբ կվերսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։