Հայաստանում 1-ին անգամ կանցկացվի Hacking for Humanity (H4H) հեքըթոն

Հոկտեմբերի 7-8-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հեքըթոն, որի նպատակն է կանանց և աղջիկների մասնակցությամբ հասնել մի շարք կարեւոր մարտահրավերների տեխնոլոգիական լուծմանը: Կազմակերպիչներն են Girls in Tech – Armenia-ն Innovative Solutions and Technologies Center – ISTC, Enterprise Incubator Foundation (EIF) և USAID Armeniania-ի համագործակցությամբ:

Հեքըթոնին դիմած և մրցութային վերջին փուլ հասած գաղափարները հնարավորություն կունենան երկու օրվա ընթացքում մշակվել և զարգանալ մենթորների օգնությամբ: Հաղթելու և մրցանակների արժանանալու դեպքում հնարավոր կլինի նաև իրագործել դրանք:

Գաղափարները պետք է դրական ազդեցություն ունենան մարդկային կյանքի հիմնական ոլորտների վրա՝ կրթություն, առողջապահություն, բնապահպանություն և դրանց բարելավմանը նպաստող այլ ոլորտներ:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը: Մասնակցության համար մասնագիտական կրթություն կամ ոլորտում փորձառություն ունենալը պարտադիր չէ, միակ նախապայմանն է լինել 16 տարին լրացած, ունենալ գաղափար և մասնակցության ցանկություն: Հատկապես խրախուսվում է իգական սեռի մասնակցությունը: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել առավելագույնը 6 մարդ, և թիմի անդամների առնվազն 50%-ը պիտի կանայք և աղջիկներ լինեն:

Հայաստանյան #H4H հեքըթոնին կարելի է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ որպես անհատ: Մրցութային գաղափար ունենալու դեպքում  հայտը կարող եք լրացնել այստեղ: Որպես անհատ, առանց սեփական գաղափարի մասնակցելու համար այստեղ:

Kolba Lab-ի հետ համագործակցության արդյունքում արդեն 2 նախնական ընտրված կրթական Brainee և Chess School նախագծերն ընդգրկված են #H4HArmenia հեքըթոնին մասնակցելու վերջնական ցանկում: Հեքըթոնի մյուս 10 մրցութային գաղափարները կընտրվեն ստացված հայտերից:

Նշենք, որ Hacking for Humanity հեքըթոնն անցկացվում է Girls in Tech-ի գլոբալ ցանցի մի շարք երկրներում: