Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Yandex ծրագրավորման դպրոց

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Yandex ծրագրավորման դպրոց, որտեղ ավագ դպրոցականները կարող են ստանալ ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Այն աշխարհում ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է:

Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է: Ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Դասընթացները կանցկացվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, դրանց տևողությունը 1 տարի է: Յուրաքանչյուր դասից հետո կտրվեն գործնական խնդիրներ: Խմբում կընդգրկվեն առավելագույնը 14 աշակերտ, իսկ դասընթացները կվարեն Գյումրու մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Yandex-ում:

Yandex դպրոց ընդունվելու հայտը արցանց կարելի է լրացնել այստեղ մինչև սեպտեմբերի 12-ը, որից հետո անհրաժեշտ է մասնակցել թեստավորման և հարցազրույցի փուլերին:

Նշենք, որ այս տարվա հունվարից Yandex դպրոցը գործում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

itTrend-ի հետ զրույցում Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը նշել էր, որ առաջնորդվել են հատկապես մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը խթանելու սկզբունքով. «Մենք ի սկզբանե հասկացանք, որ Երևանում  արդեն շատ ծրագրեր են գործում: Մեր նպատակը ՏՏ մասնագետների նոր որակի ու մակարդակի սերունդ կրթելն է»:

Նշենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը ընկերության և ՁԻՀ համատեղ նախագիծն է: