Հայկական Inapptics-ը ներդրում է ստացել HIVE-ից

Հայկական Inapptics սթարթափը ներդում է ստացել HIVE հիմնադրամից: Սթարթափն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը և արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության և պրոակտիվ հուշումների միջոցով: Ներդրման չափը կողմերը չեն բացահայտում:

itTrend-ի հետ զրույցում Inapptics-ի համահիմնադիր Աշոտ Տոնոյանը նշեց որ այն ուղղելու են արհեստական բանականությամբ (AI) վերլուծության մշակմանը և զարգացմանը, թիմի ընդլայնմանը, ինչպես նաև մարքեթինգային ռազմավարությանը:

HIVE-ը ներդրման հիմնական պատճառների շարքում առանձնացնում է սթարթափի աստիճանաբար աճող շուկան, մրցակիցների շարքում առանձնահատուկ հնարավորություններ առաջարկելը: Գլխավոր շարժառիթներից մեկն էլ պորտուգալական վենչուրային ֆոնդի առաջարկն է եղել, որի արդյունքում սթարթափը գործունեությունը պետք է շարունակեր Պորտուգալիայում, սակայն HIVE-ի ներդրման շնորհիվ այն կշարունակի գործել և ընդլայնվել Հայաստանում:

Նշենք որ այս տարվա մարտին Inapptics-ն ընդգրկվել էր եվրոպական Startup Wise Guys աքսելերացիոն ծրագում, որը կենտրոնացած է B2B սթարթափների վրա, և սովորեցնում է առաջին հերթին բացահայտել իրական շուկայական պահանջարկը:

Մինչ Inapptics-ի վրա աշխատելը թիմը շուրջ 5 տարի ստեղծել է մոբայլ հավելվածներ ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունների համար:

«Անալիտիկ լուծումները տրամադրում են ահռելի քանակով թվեր ու չարտեր, բայց չեն տրամադրում իրական վերլուծություն: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ ընկերությունները ստիպված են լինում մեծ քանակի գումար ու ժամանակ ծախսել, որպեսզի վերլուծեն այդ տվյալները և գան որոշակի եզրահանգումների: Իրականում այն ինչի կարիքն ունեն այդ ընկերությունները շատ պարզ է` նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց մոբայլ հավելվածը: Մենք որոշեցինք լուծել այդ խնդիրը և ստեղծեցինք Inapptics-ը»,- նշել են համահիմնադիրները:

 

Նունե Գրիգորյան