Ի՞նչ է Google ARCore հարթակը և ինչպե՞ս է այն աշխատում

Google-ը ներկայացրել է ARCore հարթակը, որը թույլ է տալիս ստեղծել լրացված իրականությամբ (AR) հավելվածներ Android համակարգում (iOS-ի համար նույնատիպ հարթակ ներկայացրել է Apple-ը այս տարվա հունիսին): ARCore-ը դեռևս աշխատում է 2 մոդելի սմարթֆոններում, բայց Google-ը նախատեսում է, որ այն ապագայում կգործի միլիոնավոր սարքավորումներում: Պատմում ենք, թե ինչ է ARCore-ը և ինչպես է այն աշխատում: 

ARCore-ը տրամադրում է գործիքակազմ Android համակարգում աշխատող ծրագրեր մշակելու (SDK) համար: Ծրագրավորողները կարող են գործածել այն նոր AR հավելվածներ ստեղծելու համար:

ARCore-ը տարբերակում է հորիզոնական մակերեսները և հետևում է տեսախցիկի շարժի ուղղությանը: Այս հարթակը հիմնաված է 3 առանցքային տեխնոլոգիաների վրա՝

  • շրջապատող աշխարհի ընկալում (հորիզոնական մակերեսներ գտնելու և չափերը հասկանալու կարողություն)
  • շարժումին հետևելու կարողություն (վիրտուալ օբյեկտը, անկախ սմարթֆոնի տատանումներից, այդ մակերեսի վրա «կանգնեցնելու» հնարավորություն)
  • լուսավորության գնահատում (վիրտուալ օբյեկտը կարողանա արձագանքել լույսին՝ պատկերել ստվերներ):

ARCore-ն աշխատում է սովորական հեռախոսներում: Հատկանշական է, որ ARCore-ի համար անհրաժեշտ չեն հավելյալ սենսորներ, բավական է միայն տեսախցիկ: Սրա շնորհիվ, Google-ը նախատեսում է, որ նոր ծրագրով պատրաստված հավելվածները շուտով կկարողնան աշխատել 100 միլիոնից ավելի սարքավորումներում: Թեև դեռ աշխատում են միայն Google Pixel/Pixel XL և Samsung Galaxy S8 սմարթֆոններում:

Տեսանյությում կարելի է տեսնել լրացված իրականությամբ էքսպերիմենտների մի շարք օրինակներ: Այս տեսանյութը Google-ը հրապարակել է իր կայքում, որպեսզի ոգեշնչի ծրագրավորողներին նոր հավելվածներ պատրաստել հենց այս հարթակով:

Google-ը նաև թույլ կտա ստեղծել լրացված իրականությամբ կայքեր: Այս նպատակով ընկերությունը թողարկել է հատուկ բրաուզերներ վեբ ծրագրավորողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան փորձարկել նոր տեխնոլոգիան: Բրաուզերներն աշխատում են և՛ Android, և՛ iOS համակարգերով:

iOS. Google-ի գլխավոր մրցակիցը խնձորային ընկերությունն է, որը նույնպես ստեղծել է սեփական AR հարթակը: Այս տարվա հունիսին ընկերությունը ներկայացրեց ARKit-ը՝ iPhone-ի և iPad-ի համար լրացված իրականությամբ հավելվածներ ստեղծելու գործիքակազմ առաջարկող հարթակը: Այն կներկառուցվի iOS 11-ում, որը կգործարկվի այս տարվա աշնանը: