Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Թայվանում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովին

Սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում է ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress in Information Technology – WCIT):

WCIT-ը, որը ստացել է նաև ՏՏ ոլորտի օլիմպիադա անվանումը, բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների, նշանավոր գիտնականների համար:

WCIT-ին արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը: Այս տարի Հայաստանը ներկայացնում են՝ WCIT 2019-ի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Լևոն Բաբայանը, WCIT 2019 խորհրդատու Աննա Թովմասյանը, ԻՏՁՄ պրոյեկտ մենեջեր Արթուր Ավետիսյանը, ԻՏՁՄ անդամներ՝ «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ինստիգեյթ խորհրդատվական» ընկերության տնօրեն Աննա Գևորգյանը և  «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Լևոն Բաբայանը WCIT 2017-ի կազմակերպիչներին ու մասնակիցներին հրավիրել է Հայաստան՝ 2019 թ-ին միևնույն համաժողովին մասնակցելու համար:

https://www.facebook.com/UnionOfInformationTechnologyEnterprises/videos/10154756041691479/

 

Հիշեցնենք, որ WCIT-ը World Information Technology And Services Alliance-ի (WITSA) կողմից անցկացվում է 1978-ից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի և պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Դեռևս 2014-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում  մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015  թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: 2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: WITSA նախագահ Իվոն Չիուի և փոխնախագահ Ջեյմս Փոյզանթի հետ itTrend.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Նշենք, որ այս տարի ԴիջիԹեք 2017 բիզնես ֆորումի ընթացքում Երևանում WCIT 2019-ի աշխատանքների մեկնարկին զուգահեռ ներկայացվեց WCIT 2019-ի բրենդինգը, գործարկվեց կայքը և ցուցադրվեց պաշտոնական հոլովակը: