«ԴիջիԹեքը ցույց է տալիս, որ Հայաստանում հույս կա, և երկիրը երկիր է». Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյան

Սեպտեմբերի 29-ին Երևանում կմեկնարկի ԴիջիԹեք 2017-ը։ «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով եռօրյա այս ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական նախաձեռնությունն ու B2B, B2C շփման հարթակն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները ներկայացնում են վերջին թրենդներն ու նորարարությունները։

ԴիջիԹեքին արդեն երրորդ անգամ մասնակցելու է Zangi-ն։ Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ ԴիջիԹեքին ներկայանալն իրենց համար իմիջային խնդիր է։

«Մենք, լինելով հայաստանյան ՏՏ առաջատար ընկերություններից մեկը, չենք կարող չմասնակցել ցուցահանդեսին և չներկայանալ հանրությանը: Մեր ընկերությունն այս տարիների ընթացքում բավականին ձեռքբերումներ է ունեցել և շարունակում է գրանցել։ Մենք այսօր կոմունիկացիոն ոլորտում B2B ուղղությամբ համարվում ենք աշխարհում առաջատարներից մեկը, եթե ոչ առաջատարը։ ԴիջիԹեքում ներկայացնելու ենք մեր բիզնես և տեխնոլոգիական ձեռքբերումները»,- ասում է նա:

Վահրամ Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է, որ B2B ասպարեզում Zangi-ին դիմում են պետություններ, որպեսզի նրանց համար ստեղծեն նոր սերնդի տելեկոմունիկացիոն համակարգի ենթակառուցվածքներ։ Արդեն մեկ-երկու երկրում տեղադրված են թեստային տարբերակները, մի քանի երկրում էլ առաջիկայում կտեղադրվեն։ Ընդ որում, դիմում են զարգացած պետություններից.

«Օրերս մեզ հյուրընկալվել էին Իսրայելի խոշորագույն ընկերություններից մեկի ներկայացուցիչները։ Նրանք եկել էին Երևան՝ հատուկ մեզ հետ հանդիպելու համար։ Իսրայելն աշխարհի առաջատարներից մեկն է, բայց նմանատիպ լուծում նույնիսկ Իսրայելում չկա։ Նրանք դիմում են հայկական ընկերությանը, որպեսզի անհրաժեշտ պրոդուկտը մատակարարի Իսրայել»։

Ըստ Վահրամ Մարտիրոսյանի՝ հայաստանյան հանրության մոտ կա տեխնոլոգիաների, բնական գիտությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն, և քանի որ ՏՏ-ն բնական գիտությունների ոլորտի առաջատար ճյուղերից է, ուստի ԴիջիԹեքը ձգում է մարդկանց։

«ԴիջիԹեքն իրական միջոցառում է, բիզնես հաջողությունների պատմությունների հարթակ։ Այստեղ ներկայացված գրեթե բոլոր ընկերությունները հաջողված կազմակերպություններ են՝ մեկը՝ տեղական, մյուսը՝ գլոբալ շուկայում։ Եվ դա մարդկանց գրավում է, մարդիկ ցանկանում են տեսնել, թե դեպի ուր ենք գնում։ ԴիջիԹեքը շատ լավ մի առաքելություն ունի. ցույց է տալիս, որ Հայաստանում հույս կա, և երկիրը երկիր է։ Այստեղ կարելի է ստեղծել, ունենալ հաջողություն, կատարել մասշտաբային աշխատանք»,- ասաց Zangi-ի ղեկավարը։

Նշենք, որ ԴիջիԹեք-2017-ին կայցելեն պաշտոնական պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ավստիայից, Կանադայից և այլն: Այն անցկացվում է 13-րդ անգամ։ Այն իրականացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: