ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպել է Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչներին` քննարկելու բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը ներկայացրել են հայկական կողմի հետաքրքրությունն ու պոտենցիալը ԱՄՆ-ի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցելու ուղղությամբ։

«ԱՄՆ-ը մեր ՏՏ ընկերությունների արտադրանքի և լուծումների սպառման հիմնական շուկաներից է։ Եվ շատ կարևոր է պետական մակարդակով քննարկումների արդյունքում ապահովել մի միջավայր, որում բիզնեսն իրեն հարմարավետ կզգա։ Այսօր քննարկում ենք այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են երկու երկրների միջև գործարար կապերի ընդլայնման ոլորտում. կրկնակի հարկման և ԱՄՆ-ից Հայաստան բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուն առնչվող խնդիրները»,- նշել է Բորիս Դեմիրխանյանը։

Նրա խոսքով, լավագույնը կլինի այն, որ հարկումն իրականացվի այն երկրում, որից տվյալ ապրանքը արտահանվում է։ Նա նաև հույս հայտնեց, որ կոնգրեսականների հետ այս հանդիպումը կնպաստի այս հիմնախնդիրների շուտափույթ լուծմանը, ինչի արդյունքում կձևավորվեն հայ-ամերիկյան ավելի արդյունավետ գործարար կապեր։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտի արդի զարգացումները, ամերիկյան խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում, ՏՏ մասնագետներ պատրաստող համալսարանների հաջողությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերը։

Կոնգրեսականները տեղեկացել են նաև հայկական սթարթափների վերջին տարիների հաջողության պատմությունները ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային, մասնավորապես, ամերիկյան շուկայի մասշտաբով։