Գործարկվել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի կայքը և հրապարակվել են Գրանթ Թորնթոնի հետազոտության արդյունքները

Գործարկվել է Հայաստանում ավելի քան 5000 դպրոցականների միավորող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի պաշտոնական կայքը` Armath.am-ը:

Կայքում ներկայացված է Հայաստանի տարածքում գործող բոլոր 210 լաբորատորիաների և դասավանդող խմբավարների մասին տեղեկատվություն:  Յուրաքանչյուր դպրոցական, ծնող կարող է կապ հաստատել ցանկացած խմբակի հետ, ինչպես նաև ծանոթանալ, թե ինչ ծրագրեր ու սարքավորումներ ունի տվյալ խմբակը:

«Կայքի գերխնդիրը հանրությանը ներկայացնել «Արմաթը»: Այն ունենալու է էլեկտրոնային կրթության հարթակ, աշակերտը կարող է ամրապնդել, թարմացնել գիտելիքները, նաև յուրաքանչյուր աշակերտ իր ուսումնական պատմությունն է ունենալու, որը կօգնի նաև գործատուներին տեղեկանալ տվյալ կադրի պրոյեկտներին, աշխատանքներին,- itTrend-ի հետ զրույցում հայտնեց Կարեն Վարդանյանը,- Եթե հաշվի առնենք որ լաբորատորիաների մեծ մասն սահմանամերձ և գյուղական համայնքներում են գտնվում, արձանագրել ենք, որ Արմաթում սովորածները չեն արտագաղթում, նրանք ստանում են միջինց բարձր աշխատավարձ դա հնարավորություն է տալիս փոխել դեմոգրաֆիական վիճակը: Հարթակը նաև թույլ է տալու մարդկանց նվիրատվություն անել, ընտրել և զարգացնել որևէ դպրոց՝ ըստ ցանկության»: 

Սերվերը գտնվում է Հայաստանում: Առաջիկայում «Արմաթի» բոլոր խմբավարներն ու սաները կունենան անձնական հաշիվ, կկարողանան ինքնուրույն տեղեկատվություն ավելացնել և շփվել միմյանց հետ: Հատկանշական է, որ համակարգը աշխատում է նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում:

Արմաթցիներն ու կայքի այցելուները կգտնեն նաև ամբողջական տեղեկատվություն դպրոցականների համար անցկացվող մի շարք խրախուսական մրցույթների («ԴիջիԿոդ», «ԱրմՌոբոտիքս», «Բաց խաղ», «ԴիջիՔեմփ» և այլն) մասին: Այստեղ են նաև «Արմաթի» ուսուցման նյութերը թե’ խմբավարների, և թե դպրոցականների համար:

Հայաստանի տեխնոլոգիական ապագայի զարգացմանն ուղղված այս նպատակի իրականացնման համար Armath.am նորաստեղծ կայքում գործում է նաև հատուկ բաժին ծրագրի աջակցման և նվիրատվությունների համար: Աջակցող ցանկացողները կարող են ընտրել այն համայնքը, դպրոցը, որտեղ ցանկանում են ներդրում կատարել: Կայքը ստեղծվել է «Ինստիգեյթ մոբայլ», «Իվորքս» և «Լևիաթան» ընկերությունների կողմից:

Կայքում ներկայացված է նաև «Արմաթ» լաբորատորիաների ինտերակտիվ քարտեզ, որում կարմիրով պատկերված են տեխնիկապես ոչ ամբողջապես հագեցած լաբորատորիաները:

Գրանթ Թորնթոն ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացված «Արմաթ» կրթական ծրագրի արդյունավետության գնահատման հետազոտության արդյունքները:

«Ծրագիրը արդյունավետ է, համապատասխանում է գլոբալ զարգացումների պահանջներին և նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը»,- հայտնեց Դավիթ Մանուկյանը:

Ըստ վերոնշյալ հետազոտության՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով:

Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:

Հարցվողների միայն 19% -ն է նախընտրել «Արմաթն» ավարտելուց հետո կրթությունը շարունակել այլ՝ ոչ ՏՏ մասնագիտությունների գծով:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են սթարթափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:

Աշխատանք ունեցող կամ սթարթափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50–ից 300 հազար դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561:

Այսպիսով, «Արմաթ»-ի շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Իսկ սաների 37%-ը ԲՈՒՀ-ից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։

Հավելենք, որ «Ապագայի ալգորիթմը» կրող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը հիմնվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ: «Արմաթ»-ում ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակ:

Ավելի քան 80 անդամ կազմակերպություն միավորող ԻՏՁՄ-ի ռազմավարական նպատակներից է ժամանակակից տեխնոլոգիական կրթության անվճար պայմաններ ապահովել 10 տարեկանից սկսած բոլոր դպրոցականների համար և մինչ 2019 թ-ը «Արմաթ» խմբակներ հիմնել բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ 1200): Այսպիսով, տարեցտարի ինժեներական մտքի զարգացումը կբերի Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական պետության վերածնունդին: