ԱրմԹեք՛17 համաժողովը նվիրված կլինի կիբերանվտանգության ոլորտին

Սեպտեմբերի 27-ին Երևանում կկայանա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ ԱրմԹեք՛17 գործարար համաժողովը, որի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը:

Այն հադիսանում է Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ է:

Այս տարի ԱրմԹեք համաժողովը նվիրված կլինի կիբերանվտանգության ոլորտին:

Համաժողովի քննարկման գլխավոր թեմաներն են՝

  • Կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը,
  • Կիբեր սպառնալիքներ և պաշտպանվելու հնարավորություններ՝ մասնավոր և հանրային հատվածում,
  • Կիբերանվտանգության ապագան. իրերի ինտերնետ (IoT), արհեստական բանականություն, ավտոմատացում:

Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

Նախատեսվում է, որ ԱրմԹեք’17-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ, և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից և այլն:

Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի: Հիմնական գործընկերները՝ Մայքրոսոֆ, ԱյԲիԷմ, Սինոփսիս, Յունիքոմփ, ՍոլոԼըրն, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, ԱՄՆ ՄԶԳ:

Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: