DigiTec expo 2017. Ի՞նչ են ներկայացնում Թումոյի սաները

Այսօր մեկնարկել է 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը:  «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսին իրենց լուծումներն ու ծրագրերն են ներկայացնում մոտ 150 տեղական և միջազգային ընկերություն:

Թումոյի սաները ներկայացնում են իրենց ստեղծած «Նետոյի առասպելը» (Tales of Neto) խաղը: Այն ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ է, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի առասպելը» նախատեսված է 12-24 տարեկան պատանիների ու երիտասադների համար:

Թումոցիները ներկայանում են իրենց իսկ ստեղծած կերպարներով:

Խաղի ընթացքում խաղացողը ճամփորդում է կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպեսիք են յուրացումը, իշխանության չարաշահումը, կաշառքը, շրջակա մի ջավայրի աղտոտվածությունը և այն, խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ, այսպիսով պայքարել աշխարհի զարգացման և բարելավման համար:

Նետոյի առասպելը ստեղծել են 16-20 տարեկան Թումոյի աշակերտները կենտրոնի մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ: Նախագծի վրա աշխատել են 10-15 հոգի: Ստեղծման աշխատանքներն ընթացել են 1 տարուց ավել, խաղի վերջնական տարբերակը կգործարկվի այս տարի դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:

Ի դեպ, այս սեպտեմբերին Tales of Neto-ն եվրոպական NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարություն: Գերմանիայի Էսսենում նրանք ավելի քան 100 դիմորդներից ընդգրկվել են լավագույն հնգյակում և արժանացել  մրցանակին՝ 3000 եվրո պարգևատրությամբ:

itTrend.am-ին պատմեցին, որ այժմ նրանք պատրաստվում են Իտալիայում անցկացվող Lucca Comix & Games 2017-ին առանձին տաղավարով ներկայանալուն:

Նշենք, որ նախագիծն իրականացվել է Եվրամիության  և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ:

Նունե Գրիգորյան