DigiTec expo 2017. Հեռակառավարվող ռոբոտ-տանկ

DigiTec expo 2017. Հեռակառավարվող ռոբոտ-տանկ

Դիջիթեք Էքսպո 13-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսին Armcopters ընկերությունն այս տարի բացի դրոններից ներկայացնում է հեռակառավարվող ռոբոտ-տանկ: Ընկերության ղեկավար Արմեն Սաֆարյանը մեզ պատմել է ռոբոտ-տանկի հնարավորությունների մասին.

«Այս տարի բացի անօդաչու թռչող սարքերից ներկայացնու ենք ռոբոտ-տանկ, որն ունի ռազմական նշանակություն: Այն բաղկացած է տեսախցիկներից, կարելի է ներկառուցել զենքեր: Մինչև 5 կմ հեռավորության վրա ղեկավարվում է ինչպես ավտոմատ, այնպես էլ օպերատորի միջոցով: Կարելի է օգտագործել և՛ հետախուզական, և՛ պաշտպանական, և՛ հարկ եղած դեպքում հարձակվողական նպատակներով»:

Տանկի ստեղծման հարցով համագործակցություն են սկսել Արցախի պաշտպանության նախարարության հետ, համատեղ փորձարկումներ են կատարվում:

«Ռոբոտ տանկը փորձարկման փուլում է: 3 փուլերից առաջինն արդեն հաղթահարել է, մյուս 2 փուլերն էլ հաղթահարելու դեպքում այն լիարժեք պիտանի կլինի օգտագործման համար: Այն կարող է աշխատել եղանակային տարբեր պայմաններում, փորձարկել ենք դաշտերում, քարերի վրա և արդյունքը լավն է եղել»,-նշեց Արմեն Սաֆարյանը:

Նշենք, որ ընկերությունն արդեն 4-րդ տարին է մասնակցում ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին և հանդիսանում է DJI-ի պաշտոնական ներկայացուցիչը: Այս տարվա նորույթներից մեկն էլ սիրողական դասի սելֆի տեսախցիկով դրոնն է, որը ղեկավարվում է մարդու ձեռքի շարժումների շնորհիվ: