Կոտրվել է Yahoo-ի 3 միլիարդ հաշիվ. նոր մանրամասներ 2013-ի հաքերային հարձակումից

Yahoo ընկերությունը նոր մանրամասներ է բացահայտել 2013թ. սեպտեմբերին հաքերական հարձակումների ուսումնասիրությունների արդյունքում: Այսպիսով կոտրված հաշիվների թիվը 1 միլիարդի փոխարեն հասել է 3 միլիարդի, այսինքն հաքերները կարողացել են կոտրել ընկերության բոլոր օգտատերերի հաշիվները, ընդ որում հարակից ծառայություններինը նույնպես, անմասն չի մնացել նաև  Flickr ֆոտոհոսթինգը:

Yahoo-ի խոշոր կիբերհարձակման ուսումնասիրությունների արդյունքները ընկերությունը պաշտոնապես ներկայացրել էր դեռևս այս տարվա դեկտեմբերին: Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ դեռ չեն կարողացել նույականացնել հաձակում գործողներին:

Հաքերներին հաջողվել է գողանալ օգտատերերի անունները, հեռախոսահամարները, ծննդյան թվերը, հասցեները, անձնական բոլոր տվյալները, սակայն չի հաջողվել հասնել բանկային հաշիվների տվյալներին:

Մինչ այդ էլ ընկերությունը հայտարարություն էր տարածել 2014թ. սեպտեմբերին իրականացված հարձակման մասին, որի ժամանակ հաքերները կոտրել էին Yahoo-ի 500 մլն էլեկտրոնային հասցե:

Հիշեցնենք, որ ներկայումս Yahoo-ն կազմում է հանրահայտ Verizon-ի «դուստր» Oath ընկերության մի մասը: Verizon-ը ձեռք է բերել Yahoo-ի օպերացիոն բիզնեսը: Իսկ մնացած մասը, որի մեջ մտնում են չինական օնլայն առևտրի Alibaba ընկերությունը և Yahoo Japan-ի բաժնետոմսերը, շարունակում է գործել որպես առանձին ընկերություն Altaba անունով: