Ktav՝ լուսանկարները գեղանկարների վերածող հայկական հավելված

Հայկական Lenz սկսնակ ընկերությունը թողարկել է Ktav հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է լուսանկարները ձևափոխել և ստանալ հայ մեծանուն նկարիչների ոճով գեղարվեստական նկարներ:

Անվճար է, առանց գովազդի ու հայեցի. հենց այսպես է  Lenz-ի համահիմնադիր Գրիշա Թադևոսյանը կարճ նկարագրում հավելվածը:

«Sevan Startup Summit-ում ներկայացրինք մեր վիդեոխմբագրման ծրագիրը, որը նախատեսված է մասնագիտական գիտելիքներ չունեցող օգտատերերի համար, ովքեր կկարողանան պրոֆեսիոնալի նման մոնտաժել վիդեոները, սև ու սպիտակ վիդեոները գունավորել, գեղարվեստական ոճեր ավելացնել: Շահեցինք gg ընկերության հատուկ մրցանակը և շարունակեցինք զարգացնել գաղափարը: Այժմ այն մշակման, մեքենայական ուսուցման փուլում է գտնվում: Այն ինչ աշխատում է վիդեոների համար, աշխատում է նաև ֆոտոների համար և այդպես մենք թողարկեցինք Ktav-ը»,- itTrend-ին պատմել է Գրիշան:

Հավելվածում կընգրկվեն միայն հայ նկարիչների ոճեր, ներկա պահին հասանելի են հետևյալ 6 նկարչի ոճերը՝

  • Արշիլ Գորկի
  • Մարտիրոս Սարյան
  • Մինաս Ավետիսյան
  • Ժան Գառզու
  • Հակոբ Հակոբյան
  • Վրույր Գալստյան:

https://www.facebook.com/thelenzapp/videos/1902064893365165/

 

Գրիշայի խոսքով, վիճակագրական տվյալների համաձայն՝ ներկայումս օրական միջին հաշվով 500 հոգի խմբագրում է, փորձում են մեծացնել օգտատերերի քանակը: Թիմում ընդգրկված են 8 հոգի: Ktav-ն անվճար հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Նունե Գրիգորյան