Հայտնի են Hacking for Humanity (H4H) հեքըթոնի հաղթող գաղափարները

Հոկտեմբերի 7-8-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հեքըթոնը, որի նպատակն էր կանանց և աղջիկների մասնակցությամբ հասնել մի շարք կարեւոր մարտահրավերների տեխնոլոգիական լուծմանը:

Երևանից եւ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Լոռիից, Վայոց Ձորից, Արմավիրից մրցութային վերջին փուլ հասած 12 թիմ հնարավորություն ունեցան երկու օրվա ընթացքում մշակել և զարգացնել գաղափարները մենթորների օգնությամբ: Վերջում ներկայացան պրոֆեսիոնալ ժյուրիին: Հեքըթոնի գլխավոր նախապայմանը թիմերում առնվազն 50% կանանց և աղջիկների մասնակցությունն էր, ինչի շնորհիվ մոտ 70 մասնակիցներից ավելի քան 50-ը իգական սեռի
էին:

Հայտնի են հաղթող գաղափարները՝

  • Գլխավոր մրցանակը՝ 1.000.000 դրամ պարգևը, Hosting For Humanity թիմինն է, որը պատրաստվում է
    տուրիզմի զարգացմանը նպաստել հյուրընկալ ընտանիքների և մշակութային փորձառության
    միջոցով:
  • Կանանց գործարարության մրցանակ՝ 600.000դրամ, հաղթել է Pepen սթարթափը, որը կրթական ստեղծագործ ծրագիր է իրականացնում՝ իրենց ստեղծած խաղալիքները բջջային հավելվածի օգնությամբ անիմացիայի վերածելու միջոցով։Բացի այդ Pepen-ը ստացավ 3 ամիս ISTC կենտրոնի co-working-ում աշխատելու հնարավորություն, ինչպես նաև դարձավ կամավորների ֆավորիտ:
  • Founder Institute Yerevan-ի հատուկ կրթաթոշակը կտրամադրվի Siroon թիմին, որը պատրաստվում է
    զարգացնել գեղեցկության սրահների, դրանցում ծառայություն մատուցող տարբեր մասնագետների հետ կապի հնարավորությունները մեկ հարթակում։
  • Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի հատուկ մրցանակ ստացավ նաև Help թիմը, որը 2 ամիս կարող է աշխատել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի co-working տարածքում:
  • WooChess թիմը կստանա բրյուսելաբնակ բիզնես և թվային մարկետինգի փորձագետ Լուսի Սեթյանի կողմից 6-ամսյա միջազգային մենթորություն:
  • Nairian ընկերությունն էլ 4est Researcher թիմի աղջիկներին նվերներ շնորհեց:

itTrend-ի հետ զրույցում Girls inTech Armenia-ի ղեկավար Սեդա Պապոյանը հայտնեց, որ առաջին հերթին կարևորում են սոցիալական նորարարությանը, կյանքի որակի բարելավմանն ուղղված լուծումները, որոնք տեխնոլոգիապես իրագործելի են. «Ստացել ենք 55 գաղափարի և 50-ից ավելի անհատ դիմորդների հայտեր, որը լավ արդյունք է հաշվի առնելով, որ առաջին անգամ էր կազմակերպվում և մեծամասամբ ուղղված էր աղջիկներին ու կանանց: Ստացված գաղափարները մեծամասամբ վերաբերվում էին կրթության, առողջապահության, բնապահպանության, տուրիզմի ոլորտներին»:

Նշենք, որ Hacking for Humanity հեքըթոնն անցկացվում է Girls in Tech-ի գլոբալ ցանցի մի շարք երկրներում: Հեքըթոնը կազմակերպել էր Girls in Tech – Armenia-ն՝ ISTC ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի (EIF) և USAID Armenia-ի հետ համագործակցությամբ, հովանավորներն էին BetConstruct, Monitis, Invest in Chengdu, World Vision Armenia, Nairian ընկերությունները:

Նունե Գրիգորյան