Samsung Electronics-ի ղեկավարը հրաժարական է տվել

Samsung Electronics-ի գլխավոր տնօրեն և փոխնախագահ Կվոն Օ-Հյունը (Oh-Hyun Kwon) հրաժարական է տվել իր աշխատակիցներին ուղղված նամակում: Այս մասին հաղորդվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում: Հեռանալու պատճառը նշված է «աննախադեպ ճգնաժամը»:

«Քանի որ մենք առերսվել ենք աննախադեպ ճգնաժամի, ես որոշել եմ, որ ընկերության համար եկել է սկզբից սկսելու ժամանակը , նոր ոգով և երիտասարդ ղեկավարությամբ՝ լավագույնս արձագանքելու բուռն զարգացող ՏՏ ոլորտի մարտահրավերներին»,-ասվում է Օ-Հյունի հայտարարությունում:

Ճգնաժամի մասին խոսքերը չեն վարաբերվում ընկերության բիզնեսին, այսօր Samsung ընկերությունը հայտնել է, որ ընթացիկ տվյալներով, երրորդ եռամսյակում կստանան ռեկորդային եկամուտ (12,8 մլն. դոլար): Խոսելով «ճգնաժամի» մասին Կվոն Օ-Հյունը գուցե նկատի ունի ընկերության «ժառանգորդ» Լի Չժե Յոնի (Lee Jae-yong) դատավճիռը, որի համաձայն վերջինս դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով:

Նշենք, որ Կվոն Օ-Հյունը  Samsung-ում իր գործունեությունն սկսել է 1985-ից կիսահաղորդիչների արտադրության բաժնում: 2012-ի հունիսին նա գլխավորել է Samsung Electronics-ը, այդ ընթացքում շարունակել է ղեկավարել Device Solutions բաժինը, որը զբաղվում է հիշողության քարտերի, համակարգերի կիսահաղորդիչների, դիոդային լուսատուների արտադրությամբ: Վերջին տարիներին նա նաև գլխավորել է Samsung Display բաժնիը, որն էլ զբաղվում է նոթբուքերի, համակարգիչների և մոբայլ սարքերի համար էկրանների արտադրությամբ: Այս պաշտոնը նա նույնպես թողնում է: