Wi-Fi ցանցերի վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել

Wi-Fi-ին կապված բոլոր սարքավորումները խոցելի են: Փորձագետները նշում են, որ Android համակարգով աշխատող սարքավորումների առնվազն 41%-ը վտանգի տակ է: Բելգիացի անվտանգության փորձագետները WPA2-ում (Wi-Fi Protected Access II) խոցելիություն են հայտնաբերել, որն օգտագործվում է Wi-Fi ցանցերի մեծամասնությունում: Խոցելիությունն անվանվել է  KRACK (Key Reinstallation Attacks): Լուվենի համալսարանից Մեթի Վանհոֆը (Mathy Vanhoef) այս խոցելիության մասին տվյալները հրապարակել է KrackAttacks.com կայքում:

Փորձագետի խոսքով, WPA և WPA2 պրոտոկոլներում լուրջ թերությունները թույլ են տալիս, օգտատիրոջ Wi-Fi ծածկույթի տարածքում գտնվող հաքերին հասանելիություն ստանալ փոխանակվող բոլոր տվյալներին:

Նրանք կարող են գողանալ կրեդիտային քարտերի համարներ, գաղտնաբառեր, չաթերի հաղորդագրություններ, էլ. նամակներ, լուսանկարներ և այլ գաղտնի տվյալներ, որոնք համարվում են անվտանգ գաղտնագրված: Բացի այդ, կարող են վտանգավոր ծրագրեր ներդնել Wi-Fi-ի միջոցով բացվող վեբ-կայքերում:

Նույնիսկ անվտանգ HTTPS-ի օգտագործումը կայքերի դիտարկման ժամանակ պաշտպանություն չի ապահովում: Խոցելիությունն ազդում է բոլոր ժամանակակից անլար ցանցերի վրա, այնպես որ սպառնալիքի տակ են Wi-Fi-ով աշխատող բոլոր սարքավորումները՝ անկախշ ծրագրային ապահովումից: Կոտրվել են  macOS, Windows, iOS, Android, Linux և OpenBSD համակագերով սարքավորումները: Բացի բրաուզերներից, խոցելի են նաև բանկային ծառայությունների հավելվածները, նույնիսկ VPN-ին կապվող ծրագրերը:

Փորձագետը «հատկապես կործանարար» է համարել Linux և Android սարքավորումների դեմ հարձակումները: 41% Android սարքերը կարող են կոտրվել, եթե չթարմանան մոտ ժամանակներում: Հաքերների զոհը դառնալուց խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես թարմացնել բոլոր սարքերի համակարգերը, երբ դրանք հասանելի կդառնան: