Menu Group-ը 3 միլիոն դոլար ներդրում է ներգրավել

Menu Group-ը 3 միլիոն դոլար ներդրում է ներգրավել

Menu Group-ն ստացել է 3 միլիոն դոլար ներդրում՝ տարածաշրջանային հետագա զարգացման համար։ Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաեւ SOLventures վենչուրային ֆոնդը, որի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսական Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։

Ներդրումն օգտագործվելու է ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի և սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաև նոր շուկաներ մտնելու համար։

«Delivery Club ռուսական նախագծով ոգեշնչված՝ 2012թ. հիմնեցինք պատրաստի սննդի առաքման առաջին լուրջ ծառայությունը Հայաստանում՝ Menu.am-ը: Այսօր մենք կառուցում ենք գլոբալ ընկերություն: Այս ներդրումը թույլ կտա արագացնել զարգացման տեմպը, հասնել կառավարման եւ գիտելիքների նոր մակարդակի, դառնալ ավելի գիտահեն և արագ, հոգ տանել մեր բոլոր հաճախորդների, գործընկեր-ռեստորանների, անձնուրաց առաքիչների և մեր ընկերության մյուս աշխատակիցների մասին, որոնց նպատակն է գերազանց ծառայության մատուցումը»,- նշել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից և Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք: Այս տարի օգոստոսին ընկերությունը Վրաստանում գնել է իր մրցակից Foodpanda Georgia-ին: