«Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքում կմշակվեն խելացի լուծումներ Երևան քաղաքի համար

Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Խելացի քաղաք» երկօրյա հաքաթոն, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ Երևան քաղաքի համար: Հաքաթոնի ընթացքում մոտ 60 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարանների հետ, մշակելով  խելացի լուծումներ Երևանի համար 3 հիմնական ուղղություններով՝

  • տվյալների վերլուծություն
  • տվյալների վիզուալիզացում
  • նոր տվյալների հավաքագրման մեխանզիզմների մշակում:

Տրամադրված տվյալները վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, տուրիզմի զարգացում և քաղաքի մաքրություն:

Հոկտեմբերի 22-ին հաքաթոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմին կտրվի 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման նախատիպը ներկայացնելու համար: Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում հետևյալ համամասնությամբ. լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլար, 2-րդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլար, 3-րդը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլար:

«Խելացի քաղաք» հաքաթոնը Կոլբա լաբի, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է, որը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: