Առաջիկա 5 տարում FAST-ը նախատեսում է 250 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում առաջմղման 4 հիմնական ուղղություն է առանձնացրել։ Նախորդ վեց ամիսներին կատարված հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, դրոնների կառավարման և առաջադեմ նյութերի (Advanced materials) ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունը։

Առաջիկա հինգ տարում FAST-ը նախատեսում է 250 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«Հիմնադրամը գործում է այս տարվա ապրիլից, մենք ներկայում ռազմավարական պլանավորումների փուլում ենք։ Մեր նպատակն է ստեղծել գիտական հետազոտությունների խթանման համար բարենպաստ միջավայր Հայաստանում։ Մի քանի նախաձեռնություններ ունենք, որոնց մասին այսօր կհայտարարենք»,- նշել է նա։

FAST-ը հայտարարել է նաև Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծելու մասին երեկ կայացած գալա ընթրիքի ժամանակ, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը:

Angels Network-ի անդամներ Ռուբեն Հարությունյանը և Իգոր Խալաթյանը տեղեկացրել են, որ այս նախաձեռնության շուրջ համախմբվել են 15 հայազգի ձեռնարկատեր, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայկական սթարթափերին, այլև կօժանդակեն խորհրդատվությամբ: Ներկայացվել է նաև FAST-ի «Հաջորդ սերնդի խորհուրդը» (FAST NextGen Council), որին անդամներն են 15 երիտասարդ հայազգի գիտնականներն ու ինժեներները:

Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ ընթրիքի ընթացքում FAST-ը փոխըմբռնման 3 հուշագիր է ստորագրել.  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ (համագործակցելու ուղղությունը` կրթական ծրագրերի եւ համատեղ հետազոտություններ);  Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` համատեղ հետազոտական աշխատանք, գիտական աշխատողների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում);  Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` տվյալագիտություն, ռոբոտաշինություն, բիոտեխնոլոգիաներ և կրթություն):