Մեկնարկել է Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի «Հեռահաղորդակցության հեքըթոնը»

Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված նորարար գաղափարների և ծրագրավորման «Հեռահաղորդակցության հեքըթոնը»:

Մրցույթի նպատակն է խրախուսել ստեղծագործ երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները և առաջարկել թվային ու նորարար լուծումներ։

Որպես հեքըթոնի հիմնական ուղղություն ընտրվել է Big Data-ի օգտագործումը՝ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների համար տարբեր լուծումներ մշակելու համար։ Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել են 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում կմշակեն լուծումների փորձնական տարբերակներ և կներկայացնեն մասնագետների դատին։ Մրցույթի ժյուրին կընտրի լավագույն երկու մշակումները՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը։

«Ներկայացված գաղափարները հետաքրքիր են և բավականին նորարար։ Հեռահաղորդակցության ոլորտը մեծ զարգացում է ապրել, և ներկայումս օպերատորները ոչ միայն հեռախոսային կապ ապահովողներ են, այլ ինտերնետ կապի միջոցով այլ ծառայություններ մատուցողներ։ Օպերատորների ունեցած հսկայական տվյալների բազաների հետ ճիշտ աշխատանքի և նորարար լուծումների կիրառման արդյունքում կարող են ստեղծվել նորարար, կիրառելի և եկամտաբեր պրոդուկտներ։ Big Data-ի կիրառմամբ լուծումների մշակումը տրենդային է ՏՏ ոլորտում, և հայ ծրագրավորողները մեծապես հետաքրքրված են այս ուղղությամբ։ Միանշանակ կարող եմ ասել, որ big data-ով  ցանկացած լուծում կիրառելի կարող է լինել հեռահաղորդակցության ցանկացած օպերատորի կողմից, ցանկացած երկրում», – ասաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

«Աշխատելով հեռահաղորդակցության ասպարեզում՝ մենք խիստ շահագրգռված ենք մեր ոլորտին վերաբերող նորարար լուծումներով։ Դրանք օգնում են մեզ մատուցել ժամանակակից, հետաքրքիր և բաժանորդների համար օգտակար ծառայություններ։ Իհարկե, դա մեկ օրվա գործ չէ, և նորարար լուծումների ուղղությամբ մեր ընկերությունում մշտական աշխատանք է տարվում։ Ուստի, այսօր ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ և տեսնել այսքան երիտասարդների, ովքեր հետաքրքրված են նորարար տեխնոլոգիաներով և ունեն նոր գաղափարներ։ Հենց նման մոտեցումն ենք մենք ձգտում խրախուսել երիտասարդության մեջ և վստահ ենք, որ դա կարող է փոխել կյանքը մեր երկրում դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված այս միջոցառումը անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այս տարի հատկապես մեծ էր հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ և էականորեն բարձր է մասնակցող թիմերի կողմից ներկայացրած գաղափարների որակը։