Պարգևատրվել են «Հեռահաղորդակցության հեքըթոնի» հաղթող թիմերը

Հոկտեմբերի 20-21-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:

Հաղթող է ճանաչվել Lezoo թիմը, որն արժանացավ 3000 դոլար մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ է տալիս խմբակային զանգ կատարել և խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։

Երկրորդ տեղի մրցանակին արժանացան երկու թիմ՝ iterate և megista, որոնք կստանան 1000-ական դոլար մրցանակ։ Iterate թիմի մշակած լուծումը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ Megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի ունեցած տվյալների վերլուծության հիման վրա առաջարկել նրան տվյալ օպերատորի առաջարկած ամենալավ սակագնային պլանը։

«Թիմերը մեծ աշխատանք են կատարել այս 24 ժամվա ընթացքում և ներկայացրել են իսկապես օգտակար և հետաքրքիր լուծումներ։ Կարծում եմ, մեր հեքըթոնը կարելի է համարել կայացած։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին հեռահաղորդակցության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Դա այն ոլորտն է, որը 21-րդ դարում վերաբերում է գրեթե ամեն մեկին, հետևաբար դրա զարգացումը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Իսկ այսպիսի նորարար և հետաքրքիր լուծումները կարող են շատերի կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության հեքըթոնին մասնակցող թիմերը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ էին մշակել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հիմնվելով այս ոլոտում առկա big data-ի վրա։ Լուծումներից շատերը հետագայում կարող են դառնալ բավականին նորարար և եկատմաբեր պրոդուկտներ, որոնք կիրառելի կլինեն հեռահաղորդակցության օպերատորների կողմից ցանկացած երկրում», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել էին 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ և ներկայացրեցին մասնագետների դատին։ Մրցույթի որպես ընտրության չափանիշ կիրառել է 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը։