200 դպրոցական Երևանում մասնակցել է EU Code Week-ի շրջանակում անցկացվող տեխնո-միջոցառմանը

Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր Google-ը:

Միջոցառմանը մասնակցեցին 9-17 տարեկան մոտ 200 դպրոցական ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներից: Երկու ժամ տևողությամբ բաց դասի ընթացքում 9-13 տարեկան մասնակցիները ծանոթացան «Scratch» միջավայրի հնարավորություններին և փորձեցին ստեղծել պարզ անիմացիաներ, իսկ 14-17 տարեկան դպրոցականները՝ HTML-ի միջոցով կայք ստեղծելու հնարավորություններին: Բաց դասին հաջորդեց ՏՏ ոլորտի վերաբերյալ մրցույթ-վիկտորինան, որի արդյունքում ամենից ակտիվները ստացան հուշանվերներ: Միջոցառումն ավարտվեց վկայագրերի հանձմամբ:

EU Code Week-ը հանդիսանում է եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում, որին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: Այն անց է կացվում արդեն 5-րդ տարին՝ իր շուրջը համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: Միջոցառման նպատակն է ծրագրավորումը և թվային գրագիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար: