Հայտնի են «Խելացի քաղաք» հաքաթոնի հաղթողները

Հայտնի են «Խելացի քաղաք» հաքաթոնի հաղթողները

Հոկտեմբերի 21-22 Երևանի քաղաքապետարանում կայացավ «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը, որին մասնակցեցին ավելի քան 60 ծրագրավորողներ, տվյալների բազաների հետ աշխատող մասնագետներ և վեբ ու բջջային հարթակներ նախագծողներ: «Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր  Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Այսպիսով, հաղթող ճանաչվեցին հետևյալ երեք առաջարկները՝

  • «Oorban» թիմն արժանացավ առաջին մրցանակին (Մինչև 5000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար): Թիմն առաջարկել էր համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա բնակիչներին հետևել իրենց վճարների օգտագործմանը, ինչպես նաև բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները:
  • Երկրորդ մրցանակին (մինչև 4000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար) արժանացավ աղբանահանության խելացի կազմակերպում նախագիծը: «Datathon» թիմն, աշխատելով  աղբատար մեքենաների ուղեգծերի և աղբամանների տեղադրման վերաբերյալ տվյալների հետ, մշակեց մոդել, որը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել աղբատար մեքենաների ուղեգծերի կազմում և աղբամանների առավել նպատակհարմար դասավորություն:
  • Երրորդ մրցանակը (մինչև 3000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար) շնորհվեց «Smart Space» թիմին, ով մշակել էր Երևանի համայնքներում կենսամակարդակի մոնիտորինգի գործիք, որն օգտագործում է տվյալներ ինչպես բնակֆոնդի, աղբահանության, այնպես էլ այլ ոլորտներից, և քարտեզագրում քաղաքում առավել աղտոտված կամ նպաստավոր հատվածները

Ընտրված գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում:

This slideshow requires JavaScript.

Նշենք, որ հաքաթոնի մասնակիցներին տրամադրվել էին տարբեր ոլորտներից հավաքագրված տվյալների շտեմարաններ՝ աղբանահանությունից, բջջային զանգերի անանուն գրանցումներից մինչև բնակֆոնդի կառավարմանը վերաբերող տվյալների բազաներ:

Հաքաթոնի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց թիմերիին, ծանոթացավ թիմերի կողմից նախագծվող լուծումների մոդելներին: 24 ժամ անընդմեջ աշխատելուց հետո 16 թիմեր իրենց մշակած լուծումների մոդելները ներկայացրեցին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին ՏՏ կազմակերպությունների ղեկավարներ, կառավարման ոլորտի մասնագետներ Երևանի քաղաքապետարանից, ստարտափերի աջակցման և ներդրումային ֆոնդի ներկայացուցիչներ: