Գյումրիում բացվել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա

Այսօր Գյումրիում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում: Նախագիծը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն  առաջնային է Հայաստանի համար:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ տեղական և պետական կառավարման մարմիններից, ՏՏ սեկտորի առաջատար ընկերություններից, ինչպես նաև բոլորը, ում հետաքրքրում են սոցիալական և գործարար նախաձեռնությունները:

«Շիրակի մարզը մարդկային ռեսուրսների հսկայական ներուժ ունի։ Ծրագրի միջամտությունը ներառում է թիրախային գործողություններ` ուղղված ՏՏ ընկերությունների ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` գործազուրկ բնակչության ու արդեն իսկ ներգրավված աշխատակիցների հմտությունների և գիտելիքների հարստացման և տեղական ու միջազգային շուկաներում ավելի լավ դիրքորոշման միջոցով», – իր ելույթում նշել է ՄԻԿ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում ԵՄ-ն աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»,- նշել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ: 8 տեղական ՏՏ ընկերություններ 5,000 -10,000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: