Երևանում պարգևատրվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողները

Երևանում պարգևատրվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողները

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի պարգևատրման արարողությունը:

Այսպես՝ առաջին մրցանակը՝ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակը՝ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), և երրորդ մրցանակը՝ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):

Այս տարի օլիմպիադան հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակից՝ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED): Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի  առավել տաղանդավոր ուսանողները: 2017թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: