Հայտնի են Climathon Yerevan հաքաթոնի հաղթողները

Հայտնի են Climathon Yerevan հաքաթոնի հաղթողները

Հոկտեմբերի 27-28-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված առաջին հաքաթոնը՝ «Կլիմաթոն Երևանը» (Climathon Yerevan):  Նպատակն էր մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, նպաստել քաղաքի օդի մաքրմանը:

24 ժամում մասնակից թիմերը մշակել և զարգացրել են իրենց գաղափարները: Ամփոփվել են հաքաթոնի արդյունքները և հայնտնի են հաղթող ծրագրերը: Այսպիսով լավագույն է ճանաչվել Smart city ծրագիրը ածխաթթու և այլ գազերի արտանետումներն իրական ժամանակում գրանցող և վերահսկող համակարգով: Թիմը հնարավորություն է ստացել 3 ամիս զարգացնել ծրագիրը ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Ծրագիրն արժանացել է նաև Երևանի քաղաքապետի անունից հատուկ շնորհակալագրի որպես նորարար և կիրառելի լուծում:

Լավագույն եռյակում են ընդգրկվել Forest Berg ապօրինի ծառահատումների դեմ պայքարող լուծումով և TSD օդի աղտոտվածության մոնիտորինգի հավելվածով, ստացել են պատվոգրեր Երևանի քաղաքապետի անունից:

Կլիմաթոնի շրջանակում ներկայացված բոլոր գաղափարներն առանձնակի հետաքրքրություն են առաջացրել փորձառու ժյուրիի մոտ: Հաղթողները որոշվել են՝ հաշվի առնելով կլիմայական ազդեցությունը, ինովացիոն պոտենցիալը, իրագործելիությունը և թիմային աշխատանքը: Իրենց նախագծերը ներկայացրել էին 5 թիմեր՝ TSD, Forest Berg, Green Tech, Smart city և Yolo:

Հաքաթոնի առաջին օրը փորձագետները ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերները, լուծումների հիմնական ուղղությունները, որից հետո թիմերը սկսել են մշակել առաջադրված խնդիրների լուծումներ:

24 ժամյա հաքաթոնի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով կիսվել են հատուկ հյուրերը, ովքեր խոսել են սթարթափի առանձնահատկությունների, հաջողության գաղտնիքների և հանրային խոսքի հմտությունների մասին: Մասնակիցների էներգիայի մակարդակը բարձր պահելու համար կազմակերպվել են ակտիվ ընդմիջումներ:

This slideshow requires JavaScript.

Հաքաթոնի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զրուցելով մասնակիցների հետ՝ քաղաքապետը ծանոթացել է կլիմայական խնդիրների լուծման շուրջ երիտասարդների նորարար գաղափարներին: Տարոն Մարգարյանը նշել է, որ միջոցառման շրջանակում ներկայացված լավագույն գաղափարները հետագայում հնարավորություն կստանան ընդգրկվել քաղաքային ծրագրերում:

Նշենք, որ հաքաթոնը կազմակերպվել էր «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-ի և ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ: Երևանն այս տարի կլիմայական հաքաթոնին միացել է առաջին անգամ: