PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 100 միլիոնի սահմանը

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 100 միլիոնի սահմանը

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի: Հայկական հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարներ, տեսահոլովակներ, սթիքերներ և հանդիսանում է առաջին photo editor հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել սեփական ստեղծագործություններով և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։ Ամեն ամիս հավելվածի միջոցով խմբագրվում է 850 միլիոնից ավելի նկար և 50 միլիոնից ավելի սթիքեր: Հավելվածն արագ քայլերով դառնում է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը:

Այս մասին PicsArt-ի բլոգում գրել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նա շնորհակալություն է հայտնել օգտատերերին և պատմել հավելվածի ստեղծման ոգեշնչման մասին:

«Ես հիմնել եմ PicsArt-ը իմ դստեր նման ստեղծարար արտիստների համար՝ որպես ազատ ինքնաարտահայտման ու ստեղծարար փորձարարության համար նախատեսված անվտանգ հարթակ: Մի օր, երբ իմ 10 տարեկան աղջիկը լալիս էր, ես հարցրի պատճառի մասին, նա ասաց, որ իր նկարած նկարներից մեկով առցանց  կիսվել է և ստացել է մի շարք կոպիտ մեկնաբանություններ: Իր արվեստով կիսվելու նրա ցանկությունն առերեսվել էր այնպիսի բացասական արձագանքների, որ նա արագ հուսահատվել էր:

Այսպիսով, ես որոշեցի ստեղծել նրա նման ստեղծագործողների համար նախատեսված մի հարթակ, որտեղ բոլորը կարող են ազատ զգալ և արտահայտել իրեց ստեղծարարությունը: Գերազանց գործիքներով օժտված, որոնք բոլորը կարող են օգտագործել և ստեղծել հիանալի նկարներ: Ցանկացա, որ այն լինի անվճար և մոբայլի համար, որպեսզի բոլորին հասանելի լինի ամեն պահի ու ամենուր: Եվ ամենից շատ ես ցանկացա, որ այն լինի դրական հարթակ, որտեղ բոլորը կարող են սովորել, ստեղծել և կիսվել արվեստով, էքսպերիմենտներ անել և համագործակցել: Այդպես 2011-ին ծնվեց PicsArt-ը: 

Ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարևոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»,- պատմել է Հովհաննես Ավոյանը:

«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը», նշում է Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին: «Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»:

Տոնելով իր վերջին ձեռքբերումը՝ PicsArt-ը շնորհակալություն է հայտնել իր ստեղծարար օգտատերերին և մեկնարկել է հատուկ մրցույթ:

Նշենք, որ PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ընդգրկվել  է տարվա լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Այն աշխատում է iOS, Android և Windows օպերացիոն համակարգերում, հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում: