Breedge. հայ ուսանողների ստեղծած սթարթափը կապում է գործատուներին և ուսանողներին

Հայ ուսանողները ստեղծել են հարթակ, որի նպատակն է կապել ուսանողներին և գործատուներին: Breedge-ը կօգնի կազմակերպություններին գտնել երիտասարդ ու եռանդուն ուսանողների, պրակտիկանտների, սովորեցնել և զարգացնել նրանց, սկսնակ աշխատակիցներին փորձառություն տալ սեփական միջավայրում:

Breedge սթարթափի թիմը ձևավորվել է այս տարի անցկացված Startup Boost Weekend-ի ընթացքում, որտեղ թիմը հաղթեց և հնարավորություն ստացավ շարունակել ու զարգացնել բիզնես մոդելը Ամերիկյան համալսարանում գործող EPIC ինկուբատորում՝ նախնական 600 դոլար նախնական ֆինանսավորմամբ:

Ամերիկայան համալսարանի ուսանող, սթարթափի համահիմնադիր Վահան Մելքոնյանը itTrend-ին պատմել է թիմի գործունեության և իրենց առջև դրված նպատակների մասին:

«Գաղափարն առաջացավ հենց Startup Boost Weekend-ի ժամանակ, այդ ընթացքում մեզ շատ օգնեցին մենթորները և զարգացրինք գաղափարը, որի հիմքում կազմակերպությունների համար ուսանող աշխատակից գտնելու խնդիրն է: Ներկայումս համալսարանների կարիերայի կենտրոնները այնքան էլ արդյունավետ չեն և մենք որոշեցինք զբաղվել այդ խնդրով: 

Մեր հարթակի առանձնահատկությունն անհատական հետազոտություններն են և մոտեցումը: Մենք կարծում ենք ուսանողն իրեն համապատասխան միջավայրում ավելի արագ կաճի ու ավելի մեծ արդյունքների կհասնի, փորձում ենք առաջարկել հենց տվյալ ուսանողին հարմար ընկերություն և հակառակը: 4 ամիս է, ինչ աշխատում ենք սթարթափի վրա, թիմում 5 հոգի ենք: Ներկայումս աշխատում ենք զարգացնել անհատական հետազոտությունների համակարգը»:

Սթարթափը կենտրոնացած է  հատկապես ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների վրա: Վահանի խոսքով՝ հենց այս ոլորտում է ուսանողների ամենամեծ պահանջարկը: Արդեն համագործակցել են 32 ընկերության հետ, այդ թվում են Teamable, Early One, Arloopa, Pixomatic, Chessify, SmartGate.vc, Innova, Vineti, Benivo և այլ հայտնի ընկերություններ: 60 ուսանող անցել է աշխատանքի հարթակի միջոցով:

Նշենք, որ Breedge-ի թիմն արդեն հասցրել է մասնակցել Sevan Startup Summit-ին, որտեղ  ներկայացրել են իրենց հարթակն ու նոր գործընկերներ ձեռք բերել: Ինչպես նաև, այս տարի Seedstars  միջազգային մրցույթի տեղական փուլում ընդգրկվել են լավագույն եռյակում:

Նունե Գրիգորյան