Հայերը կկարողանան խմբագրել «Յանդեքս-քարտեզները» հայերենով

«Յանդեքս» ընկերությունը գործարկել է առցանց-քարտեզների խմբագրող ծառայություն հայերեն լեզվով: Հայ օգտատերերն առաջին անգամ կկարողանան մայրենի լեզվով խմբագրել երթուղիները, ճանապարհներն ու փողոցները:

Քարտեզը խմբագրել կարող է հայերեն իմացող ցանկացած անձ, բավական է միայն մուտք գործել քարտեզների խմբագրող ծրագիր, նկարել, ավելացնել նոր օբյեկտներ, ճանապարհներ, նշել տունը, տան մերձակայքը, շենքերը, բիզնես-ընկերությունների հասցեները, դրանց աշխատանքային ժամերը և այլն: Խմբագրումները կավելանան նաև Յանդեքս որոնման դաշտում, Յանդեքս.Տաքսի և Նավիգատոր ծառայություններում:

Ծառայության ռուսալեզու տարբերակի շնորհիվ օգտատերերն արդեն լրացրել են Գյումրու, Արենիի, Գորիսի, այլ քաղաքների և գյուղերի քարտեզները, ինչպես նաև ճշգրտել Երևանի սխեման: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քարտեզի վրա ավելի քան 400000 փոփոխություն է կատարվել: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով 4-րդ տեղն է զբաղեցնում:

Նշենք, որ «Յանդեքսի» որոնողական համակարգում հայկական քաղաքների քարտեզները հայտնվել են 2015 թվականին: