Վաճառքի մեկնարկային օրը գողացվել է 300-ից ավելի iPhone X

Այսօր մեկնարկել է iPhone X-ի պաշտոնական վաճառքն ամբողջ աշխարհում: Մինչ Apple-ի երկրպագուները օրերով հերթ են կանգնել, որպեսզի հնարավորինս շուտ ձեռք բերեն բաղձալի iPhone X-ը, 3 հոգի ցուցաբերել են սեփական մոտեցումն այս հարցին, որն արդյունավետ է, բայց քրեորեն պատժելի: Անհայտ անձիք գողացել են ավելի քան 300 iPhone X Սան Ֆրանցիսկոյի Apple Store-ի մոտ կայանած բեռնատարից, հաղորդում է CNet-ը:

Apple-ի վաճառակետի մոտ կայանած UPS բեռնատարը պետք է մատակարարեր 300-ից ավելի սմարթֆոն, սակայն ամբողջը գողացվել է: Իրավապաշտպան մարմինների հաղորդմամբ՝ վարորդը բեռնատարը թողել է առանց հսկողության և հեռացել է, տեղի աշխատակիցներից մեկը ականատես է եղել գողության ընթացքին, որը նկարագրել է ոստիկաններին:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հաշվարկել է, որ գողացված սարքերի արժեքը կազմում է մոտ 370 000 դոլար (Phone X-ը ԱՄՆ-ում $999 է): Կասկածյալներին դեռևս չեն հայտնաբերել: Այն հարցին՝ թե ինչ է լինելու հերթում սպասող հաճախորդների հետ, ընկերությունից հայտնել են, որ նախնական պատվերներ կատարած օգտատերերը ժամանակին կստանան իրենց այֆոնները, իսկ Apple Store-ում սպասողների մասով դեռ հստակություն չկա: